Ի՞նչ է աստղագուշակությունը. Ճշմարտացիությո՞ւն, թ՞ե իրականության  աղավաղում

 

     Քամին ուր ուզում փչում է, և նրա ձայնը  լսում ես,
բայց չգիտես` որտեղից է գալիս, կամ ուր է գնում.
այսպես է ամեն ոք, որ Հոգուց է ծնված (Հովհ.3;8 ):

  • 2011թ`  նապաստակի տարում, կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց  (աստղագուշակներին հավատացողներին) սպասվում է .  խոյե°ր , այս տարի դուք մեծ նվաճումներ կունենաք…, մեր պետությունը կհզորանա, կծաղկի ու կբարգավաճի…, նոր տարվա շեմին նմանատիպ ավետիսներով ու զանազան զգուշացումներով միամիտներին ու սնահավատներին, ամբողջ  ազգին ու առանձին անհատներին ջանում են հաճոյացնել աստղագուշակները:     Աստղագուշակությունը գուշակության առավել տարածված  ձևերից է: Ապագայի մասին գուշակությունները մերժելի են , որովհետև բոլոր գուշակություններն Աստծո համար գարշելի են. ( Եսայի 47): Ի՛նչ են անում աստղագուշակները, մարդկանց և տարբեր երևույթների ծննդյան թվերի հիման վրա երկնային մարմինների շարժման աղյուսակների օգնությամբ քարտեզ են ստեղծում (հորոսկոպ)  և կանխատեսումներ անում: Դրանք շատ հաճախ ճշգրիտ չեն, սակայն մարդկանց սնահավատ վախի, ուռճացրած փաստերի արդյունքում աստղագուշակների մասին լեգենդներ են հյուսվում: Երիտասարդները հրապուրվում են աստղագուշակությամբ, որպեսզի սատանան իրենց հուզող հարցերի պատասխանները տա: Կան նաև իրենց մասնագիտությամբ չկայացած  մարդիկ, որոնք զբաղվելով աստղագուշակությամբ, հանկարծ հայտնվում են ուշադրության կենտրոնում: Մարդիկ նրանցից խորհուրդ են հարցնում, գումար տալիս, այսինքն` գայթակղվում են, ընկնում հպարտության գիրկը, որն էլ նրանց կործանում է : Եւ եթե մկրտված չեն, Քրիստոսի սերը չունեն իրենց սրտում, այդ մարդիկ դատապարտված են, ընդմիշտ կմնան այդ չար ուժերի իշխանության ներքո: Ինչքան էլ գուշակին ասեն , որ դա կեղծ գիտություն է , նա հակառակը կպնդի, քանի որ իր փորձով է համոզվել: Իսկապես եթե նա ռացիոնալ հիմք չունենար, ապա այսքան երկար չէր գոյատևի:

Սակայն ի՞նչ օգուտ է այն մարդկանց տալիս, ինչու՞ չի կարելի կանխատեսել, ինչու ՞ է Եկեղեցին դեմ գուշակությանը: Սխալ է ասել, թէ աստղագուշակությունը բացարձակ սուտ է , կեղծ գիտություն և վերջ: Այլև պետք է պարզել, թէ որտեղ է վտանգը: Եթե հնարավոր է`  ինչու՞ չի կարելի կանխատեսել: Այդ հարցերին պատասխանում են Դ-Ե դդ. մեր Տիեզերական վարդապետների գրքերը` Հայրաբանությունը: Որևէ կանխատեսում կամ գուշակություն հաջողվում է այնքանով, որքանով որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է , և զարմանալի չէ , որ հաճախ բոլորս էլ կարողանում ենք ինչ-որ բան կանխատեսել: Բոլորին լավ ծանոթ է մայրական սրտի կանխազգալու ունակությունը: Սակայն քրիստոնյա մկրտված մարդուն այլ ճանապարհ է տրված: Մարդու կյանքի ճիշտ կամ սխալ կախատեսումը հակասում է նրա ազատ կամքի սկզբունքին` աղճատելով մարդու աստվածակերպությունը: Բարսեղ Կեսարացին ժամանակին ասել է , որ կարելի է կանխատեսումներ անել, բայց ոչ մարդու կյանքը: Մարդն ի տարբերություն մյուս արարածների և բնության երևույթների, ունի հոգի և ազատ կամք, ուստի եթե բնության տարբեր ուժեր մարմնի վրա ազդեցություն ունեն, ապա հոգու վրա` բացարձակ ոչ: Մարդուն կանխատեսելի դարձնելով` զրկում ենք հոգու ազատությունից, հավասարեցնում ծառի, խոտի, բնության ուժերի մակարդակին: Այն մարդը, որ ավելի շատ   նյութական կյանքով է ապրում, քան` հոգևորով, իսկապես սկսում է կանխատեսելի դառնալ: Մյուս կողմից, գուշակների կանխատեսումներին հետևելով, մարդն աստիճանաբար սովորում է չդիմակայել դժվարություններին և կեղծ պաշտպանության է դիմում: Նույնն է հիվանդ մարդը, որը վախենում է եղանակի փոփոխությունից: Փաստորեն, գուշակի մոտ գնացող մարդուն ապացուցում է , որ ինքը հիվանդ է : Ահավատ է : Բացի այդ, հույսը դնելով ապագայի վրա, մոռացվում է ներկան, մինչդեռ ներկայում է լուծվում ապագան: Իզուր չէ ասված  §այսուհետև հոգ մի տարեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար¦ (Մատթ.6:34)  :  Քրիստոնյայի ճանապարհը այս է ` հոգով առողջանալ, իսկ հոգու առողջությունը միայն Քրիստոսով է լինում: Այդ ժամանակ որևէ մեկը չի կարող գուշակել մարդու ապագան և նա Աստծո կամքով կդառնա իր ապագայի տերը, քամու պես ազատ ու անկանխատեսելի: Հիշենք Պողոս առաքյալի հետևյալ տողերը. §Այն ժամանակ, մինչ Աստծուն  չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի սկզբանե աստվածներ չէին, իսկ այժմ , որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ որ Աստված էլ ձեզ ճանաչեց, ինչպես եք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից ցանկանում եք ձեզ գերի դարձնել¦ (Գաղատ.4:8-10) :

Խորհրդային տարիներին մտավորականությանը հետևողականորեն անհավատ դարձրեցին` հեռու պահելով ճշմարիտ հոգևոր արժեքներից: Այնինչ մտավորականն է, որ պետք է ճանաչի, ընդունի Քրիստոսին և հասարակությանը հաղորդակից դարձնի հոգևոր արժեքներին: Ս. Գիրքը հասկանալու համար պետք է ապաշխարած ու խոնարհ հոգով կարդալ Սուրբ Հայրերի մեկնությունները: Սեփական մեկնությունները կարող են հպարտության գիրկը նետել մարդկանց և աղանդավոր դարձնել: Ըստ Ս. Գրքի, Աստծո անվան տակ թաքնված գործելը մերժելի է : Սատանան` աշխարհի իշխանը, ևս մեծամեծ հրաշքներ կարող է գործել:  Հիշենք Նոր Կտակարանից Սիմոն մոգի պատմությունը, որը կախարդ էր, բայց ժողովուրդը կարծում էր, թէ նա Աստծո զորությամբ է գործում, ինչպես այժմյան գուշակներին կամ էքստրասենսներին են սխալմամբ հավատում: Ցանկացած գործ սկսելու համար պիտի խնդրենք Աստծո օրհնությունը: Գուշակներն ու կախարդները ազդում են միայն անհավատ և Աստծուն չվստահող մարդկանց վրա: Երբ մարդիկ զրկվում են Աստծո օրհնությունից,  դառնում են անպաշտպան և դիվային դաշտի կողմից խոցելի, ուստի նրանց հետ կարող են դժբախտություններ պատահել: Երազահաններին ևս դիմել չի կարելի, որովհետև քրիստոնյան վստահ պիտի լինի որ Աստված Իր ասելիքը կհայտնի: Քրիստոս երկինք գնալուց առաջ ասաց.§Իսկ Մխիթարիչը`Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով,Նա Ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ¦£ Տուրք չտանք հեթանոսական գուշակություններին: Հավիտենական կյանքի կողքին մարդու ապրած մի քանի տասնամյակը ոչինչ է , այս կյանքը տրված է, որ մտածենք մեր հոգիների փրկության համար: Այնինչ ամենուր փնտրում ենք միայն նյութականը և ոչինչ չենք անում մեր հոգիները Աստծուն մերձեցնելու համար: Մենք որդու իրավունքով կարող ենք խնդրել Հայր Աստծուց, և Նա կտա այն ամենը, ինչ ցանկանում ենք: Այս հրաշք-պարգևը թողած`աննշան բաների ետևից ենք գնում:

Նյութի հեղինակ` ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց

Տեր Սամուել քահանա Սարգսյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest