ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԵՐՈՍԸ

Դարեր ի վեր հայ ժողովուդը բարօրության և բարեկեցության փնտրտուքի մեջ է: Պատմության մեր թերություններից մեկն էլ այն է, որ այդ բարօրությունը մենք փնտրել ենք օտար վայրերում, այնինչ մեր բարեկեցության գաղտնիքը մեր ազգի նվիրական կոչումներից մեկի մեջ է, այն է` զինվորականությունը:
Հայ անհատը, անդամագրվելով զինված ուժեր, ոչ միայն իր անձն է նվիրաբերում ծառայությանը, այլև իր ողջ ընտանիքը: Յուրաքանչյուր զինվորականի կին համակերպվում է զինվորական կյանքի բոլոր դժվարություններին` ծանրաբեռնված օրակարգ, հաճախակի տեղափոխություններ և այլն:
Այնուհանդերձ, ամենից մեծ փորձությունն ու դժվարությունը մնում է պատերազմը:
Փոքրիկ Մհերի հայրը երկար տարիներ ծառայում է զինված ուժերում, և այնպես ստացվեց, որ ծառայությունն իրենց հասցրեց Արցախ: Մհերը ծնվեց Արցախում:
Մհերի հայրը ծառայության բերումով մեկնել էր Երևան, իսկ ընտանիքը մնացել էր Արցախում: Երևանում գտվելիս Մհերի հայրը իմանում է, որ սկսվել է պատերազմը, և իր ընտանիքը գտնվում է թշնամու ռմբակոծության ներքո: Միայն Աստված գիտի, թե ինչ կրակների միջով է այդ պահին անցել Մհերի հոր սիրտը: Առանց վարանելու Մհերի հայրը ուղևորվում է Արցախ` հայրենի սահմանների և սեփական ընտանիքի պաշտպանության համար:
Հատկանշական է, որ առյուծ հորից ծնվել էր առյուծ զավակ: Փոքրիկ Մհերը կարծես լցվում է Սասնա էպոսյան հայրենասիրական ոգով և իր փոքրիկ անկարողությամբ դրսևորում է ամենակարողություն, քանի որ միանգամից կորցնում է մանկական չարաճճի վարքը և դիրքապահ զինվորի պես հսկում մոր անդորրը:
Փոքրիկ Մհերը հայրենիքի պաշպանությունը սկսել է բարուրից: Նրա մանկական աչքերի մեջ հստակ երևում է ազգի նվիրյալի հայացքը:
Աղոթենք Տիրոջը, որ յուրաքանչյուր հայ օջախի նորածին զավակ իր մեջ կրի հայ քաջարի մարտիկների հավատն ու ոգին…

ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց`

Դավիթ սարկավագ Հայրապետյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest