ՆԱԽԱՆՁԸ ՄԵՂՔ Է

Gebrail
«Մի նախանձիր չարամիտներին և
ոչ էլ նրանց, ովքեր անօրենություն
են գործում»:

Ինչպես դայակն է իր խնամքի տակ գտնվող մանկան համար միշտ բարին ցանկանում, նրան խրատում հեռու մնալ չարից, բարիք գործել, այնպես էլ մեր հայրն է` ամենակարող Աստված, մեր մայրն է` սուրբ եկեղեցին, որի սրբալույս ավազանից ծնվել ենք մենք` Սուրբ Հոգու միջոցով: Իսկ որպես դայակ մեզ համար հանդես են գալիս առաքյալներն ու մարգարեները: Այսպես և մեզ դաս է տալիս Դավիթ մարգարեն ու ասում է. «Մի նախանձիր չարամիտներին և ոչ էլ նրանց, ովքեր անօրենություն են գործում»:
Սիրելի զինվորներ, աշխարհում չարն այսօր շատ մեծ է, քանի որ աշխարհասեր ողորմելի մարդիկ սիրում են չարը և չար գործերը: Սակայն, ինչպես Դավիթ մարգարեն է իր սաղմոսի շարունակությունում նշում.«… նրանք խոտի պես իսկույն կչորանան, դալար խոտի պես արագ կանցնեն»:
Ուստի հեռու պիտի լինենք չարից ու չար գոործերից, քանի որ անպայմանորեն սրանք անցնելու են ու հեռանալու և չլինի թե, որ ժամանակավոր «երանելի» վիճակի մեջ լինելու պատճառով զրկվենք իրապես երանելի Երկնքի Արքայություն մուտք գործելու հնարավորությունից:
Ճշմարիտ հավատացյալի համար, իսկ մենք մեր կյանքով կոչված ենք ապացուցելու մեր ճշմարիտ հավատացյալ լինելը, ատելի են չարի գործերը, ատելի են չար գործերի գլխավոր աղբյուրները` յոթ մահացու մեղքերը. հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունն ու բղջախոհությունը:
Իսկ սրանցից` ըստ եկեղեցու հայրերի, մեծագույն մեղքերն են հպարտությունն ու նախանձը, քանի որ մնացած մեղքերը գործվեցին Ադամի ժամանակ և հետո, իսկ սրանք գործվեցին նախ և առաջ սատանայի կողմից, քանի որ վերջինս հպարտացավ և հակառակվեց Աստծուն` աստվածային փառքի համար: Ապա գիտենք որ զրկվեց հրեշտակների դասում լինելու փառքից և գցվեց երկիր, ու այս ժամանակ էլ նախանձով խաբեց և հաղթեց մարդուն` Ադամին: Եվ սա է պատճառը, որ նախանձը համարվում է մեծագույն մեղք:
Ճիշտ է, այսօր շատ մարդիկ համարում են, որ գոյություն ունի միայն չար նախանձ, սակայն մեր եկեղեցու մեծագույն աստվածաբան Գրիգոր Տաթևացին համարում է, որ կա նաև բարի նախանձ, որտեղ նախանձ բառը շեղվում է իր ուղղակի իմաստից:
Չար նախանձն այն է, որն առաջանում է, երբ մեկը տեսնում է մի բարի մարդու (որը լավ կարողությունների, հաշտ ընտանիքի, երջանիկ կյանքի տեր է) և ցանականում է ունենալ այս մարդուն պատկանող բարիքները ` միշտ չար տրամադրվածություն ունենալով դեպի այդ նա: Չար նախանձ է նաև այն, որ շատերը նախանձում են գողերին, մարդասպաններին, արբեցողներին, ագահներին, որկրամոլներին, անարժան կերպով հարստության հասածների, այսինքն այն մարդկանց, ովքեր իրենց նվիրել են այս կյանքի ժամանակավոր փառքին ու հաճույքներին և չեն գիտակցում,որ այս ամենը նախ և առաջ մեղք է և երկրորդ, որ սրանք անցնելու են, իսկ այն ամենը, որ կապված է Երկնքի Արքայության հետ` հավիտենական է:
Իսկ չար նախանձին հակառակն այն է, երբ մենք տեսնում ենք, օրինակ, թե ինչպես է մեկը ջերմեռանդորեն աղոթում, պահք պահում, ապաշխարում, բարիք գործում, չի հայհոյում, չի բարկանում, և մենք էլ, ցանկանալով այս բոլոր շնորհները ձեռք բերել, Աստծուց ուժ և կարողություն ենք խնդրում: Այս նախանձն անշուշտ հաճելի է Աստծուն և ցանկալի: Սա առկա է միայն բարի մարդկանց մոտ: Իսկ չար նախանձը, որը սերմն է սատանայի` չար մարդկանց մոտ:
Չար նախանձը շատ վնասակար հատկություններ ունի: Օրինակ` մարդը եթե չար նախանձ ունի, երկար ժամանակ տառապում է, չարչարվում, թե ինչպես հասնի իր նպատակին, ինչ միջոցներ գործի դնի իր ստոր արարքի կատարման համար, և իր նպատակի իրագործման համար պատրաստ է ամեն ինչի. նույնիսկ ճշմարտացի է համարում այն խոսքը, թե նպատակն արդարացնում է միջոցները:
Եվ չմոռանանք, որ միայն նախանձի ժամանակ է մարդը` մեղքը գործելուց և առաջ, և հետո տրտմում, տառապում, հոգով տանջվում, իսկ մնացած մեղքերի ժամանակ սկզբից գրեթե միշտ ուրախանում են և զվարճանում, հետո նոր տրտմում: Օրինակ` հարբեցողը մեղքը գործելուց առաջ չի գիտակցում իր հանցավոր լինելը և իրեն շատ ուրախ է զգում, այնինչ եթե հետագայում հնարավորություն ունենա իր մեղավոր լինելու մասին հասկանալու, անպայմանորեն կտրտմի:
Վնասակար հատկություններից մեկն է նաև այն, որ նախանձը հիմքն ու արմատն է վատ ու քստմնելի գործերի: Նախանձի պատճառով մարդիկ զրկում են իրար, հափշտակում են մյուսի ունեցվածքը, հայհոյում են միմյանց, բամբասում են ստորաբար, հակառակվում են, անտեղի նախատում են շատ բարի մարդկանց, կռվում են, սպանում են անմեղների, մատնում են միմյանց և այլն:
Նաև չմոռանանք, որ նախանձն էր, Քրիստոսի` հրեաների կողմից խաչվելու պատճառը:
Նախանձով բռնկված մարդը նման է կատաղած շանը, որը չի ճանաչում ոչ տիրոջը, ոչ օտարին:
Նախանձոտ մարդն առանց տանջողի տանջվում է, երբ լսում է ուրիշի հաջողությունների մասին: Թեև կրակը որոշ ժամանակ մոխրով է ծածկվում, սակայն չի դադարում կրակ լինելուց, այլ խառնվելիս արձակում է իր բոցակեզ լեզվակները: Նախանձոտ մարդը, թեև երբեմն բարեսրտության քողի տակ ծածկում է իր ժանտահոտությունը, սակայն ներսում` հոգու մեջ պահում է նախանձի բոցը, քանզի երբ լսում է մեկի հաջողությունների մասին, անմիջապես բորբոքվում է ու անշիջանելի հրով այրվում:
Նախանձոտ մարդը գուցե չգիտի, թե որքան չար է ուրիշի բարեբախտությունից տրտմելն ու նրանց դժբախտութհյունների վրա ուրախանալը: Բայց երբ մեկ այլ մարդ անում է նրան նույնը, ինչ ինքն էր անում ուրիշին, այնժամ ճանաչում է դառնություններն այն չարիքի, որն ինքը սովոր էր անելու:
Նախանձոտ մարդիկ ավելի չար կերպով խայթում են իրենց հարազատներին ու երախտավորներին, քան օտարներին:
Նախանձոտ մարդը հաճախ այն հոռության է հասնում, որ բարի մարդու, բարեգործի հանդեպ ունեցած ատելությունից խափանում է հասարակության բարին: Եվ թեպետ իր դիտավորությունը հասարակության բարին խափանելը չէ, այլ միայն այդ բարի մարդու համբավը, լավ անունը, սակայն արդյունքում խափանում է և այն լավ գործի իրականացումը, որն անիմիջականորեն կապված էր այդ մարդու հետ: Եվ այդպիսով իսկ զրկում է հասարակությանը մի բարի գործից, մի բարիքից ևս: Այստեղ պատշաճ է Տիրոջ այն խոսքը, թե` «Դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք» (Ղուկ. ԺԱ 52):
Երբ նախանձոտ մարդը տրտմում է ձեր հաջողությունների վրա կամ ուրախանում ձեր տխրությունների վրա, դուք երբեք ու երբեք մի տխրեք, քանի որ կգա ժամանակ, երբ դուք կուրախանաք և նա կտրտմի, քանի որ ինչ չափով որ չափում է մեկը, նույնով կչափվի նրան:
Սիրելի զինվորներ ես ձեզ կասեմ դեռ ավելին, եղեք ներողամիտ, փորձեք հասկացնել սխալը բոլոր այն նախանձող մարդկանց, որոնց կհանդիպեք, աղոթեք նրանց համար, աղոթեք, որպեսզի նրանք դարձի գան ու փրկվեն, որպեսզի իրենց մեղքերը չկրկնապատկեն:
Արդ աղաչենք ամենատես և ամենակարող Աստծուն, որպեսզի բոլոր նախանձով վարակվածների հետ հանդիպման ժամանակ ուժ և կարողություն տա, որպեսզի կարողանանք մեր սխալված եղբայրներին ու քույրերին ճշմարտության ճանապարհի վրա դնել: Իսկ սրա համար էլ նախ և առաջ պետք է, որ մենք ճշմարիտ ճանապարհի վրա լինենք, իհարկե միայն և միայն Քրիստոսի ճշմարիտ հաջորդները լինելու բոլոր արժանիքները պահելու և իրականացնելու միջոցով:

Մովսես աբեղա Սարգսյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

X

Pin It on Pinterest

X
Share This