ՀԱՍՏԱՏԻՐ ՍՐԱ ՄԵՋ ԱՄԵՆԱԶՈՐ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ ՇՆՈՐՀՆԵՐԸ` ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՆԱՉԱՐԻ ԴԵՄ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

« Այսօր Աստված մաքրեց ջրերը,
լուսավորեց մարդկանց և երկնայիններ դարձրեց»
(Սուրբ Բարսեղ Կեսարացի):

 

Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ լինել Աստծուն:

Սուրբ Ծննդյան տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը հիշատակն է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության: Ջրօրհնեքի արարողության հաստատումը վերագրում են Քրիստոսի առաքյալներին ու եկեղեցու հայրերին: Սակայն առաջին մեծագույն օրինակը տվեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս: Հիսուս Իր օրինակով լուսավորեց այն մկրտության խորհուրդը, որով մարդը պետք է մուտք գործեր քրիստոնեական եկեղեցի:

Ջրօրհնեքի արարողությունը սկսվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո: Քահանան հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնում է ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով:

Ջրօրհնեքի արարողության ընթացքում ընթերցվում է Սուրբ Բարսեղ Կեսարացու հեղինակած Ջրօրհնյաց աղոթքը՝ «Որ ընթացար ջրերի վրայով և սրբեցիր այն Քո սուրբ ոտնահետքերով, իսկ այժմ, Ով Տեր Աստված մեր, օրհնիր այս ջրերը` ծառայեցնելով այն Քո ծառաների մաքրության համար: Վանիր սրանից բոլոր վնասակար ու չար բծերն ու ախտերը և սատանայի ամբողջ բռնությունը: Նաև հաստատիր սրա մեջ ամենազոր Սուրբ Հոգուդ շնորհները` բժշկություն, առողջություն և ամենաչարի դեմ հաղթության կարողություն:  Եվ մենք ամենքս սրանով թող արժանանանք Քո օգնությանը և Քո ընդունելությանը, բժշկությանդ, օրհնությանդ ու սրբությանդ և անդադար պիտի փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Այնուհետև Ջրօրհնեքի արարողության ընթացքում երգվող «Ով զարմանալի»  և «Այսօր ձայնն հայրական» հոգեզմայլ տաղերի երգեցողության ընթացքում, ջրի մեջ է իջեցվում Հիսուս Քրիստոսին խորհրդանշող ջրօրհնյաց հատուկ խաչը, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես և այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը, այն ընդունակ դարձնելով մկրտվողին մեղքերից լվանալու և հիվանդներին բժշկելու: Տաղերի երգեցողությունից հետո քահանան ջրից հանում է խաչը և տալիս է խաչի կնքահորը, ով Հիսուս Քրիստոսին խորհրդանշող խաչը պահում է իր ձեռքում: Այնուհետև կատարվում է ջրի օրհնությունն ու սրբագործումը՝ «Օրհնեսցի եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ …»: Ապա քահանան «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողության ընթացքում Սրբալույս Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ:

Արարողությունից հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվում է ժողովրդին հոգու և մարմնի նորոգության համար:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ՊՆ զորամասի Հոգևոր Սպասավոր Բարեշնորհ Միքայել սարկավագ Մարգարյանի նախաձեռնությամբ և Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսեսյանի ձեռամբ կատարվեցին Ջրօրհնեքի և Տնօրհնեքի արարողություններ: Արարողությանը մասնակցում էին զորամասի հրամանատարական կազմը, զինվորներն ու աշխատակիցները:

Արարողության ավարտին ներկաներին «Պահպանիչ …» աղոթքով օրհնեց և իր պատգամը բերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսեսյանը, ով իր խոսքում անդրադառնալով Ջրօրհնեքի արարողության խորհրդին, նրա կարևորությանը ու մեկ անգամ ևս հորդորեց առ Աստված աղոթքով և հավատքով շարունակելու իրենց ծառայությունն ու իրենց կյանքի ընթացքը: Ջրօրհնեքի արարողության վերջում օրհնված ջրից խմեցին բոլոր զինծառայողները, սպաներն ու աշխատակիցները: Այս տարվա Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր զորամասի սպաներից մայոր Գուրգեն Բաբայանը, ով որպես այս տարվա և առհասարակ առաջին անգամ Ջրօրհնեքի Խաչի կնքահայր լինելով, իր տպավորություններում մասնավորապես նշեց՝ «Երբ Միքայել սարկավագից իմացա, որ զորամասում այս տարվա Ջրօրհնեքի Խաչքավոր լինելու պատիվն ինձ է վստահված, շատ ուրախացա, բայց միևնույն ժամանակ մտածեցի, թե արդյոք ես արժանի եմ լինելու Խաչի Քավոր: Այսօր, երբ մեր սիրելի Միքայել սարկավագի ու Տեր Հոր հետ միասին կանգնած էի արարողության գլխավոր տեղում և ձեռքիս բռնել է պատմական մի Խաչ, որը շատ ու շատ արժանավոր մարդիկ են պահել իրենց ձեռքում, մի տեսակ պատասխանատվությունը, հուզումն ու ոգևորությունը պարուրեցին ինձ: Ինձ համար մեծ պատիվ, ուրախություն և առանձնահատուկ զգացողություններ առաջացնող պահ էր Ջրօրհնեքի ժամանակ խաչքավոր լինելը, որը իմ կյանքում երբևէ ունեցած ամենահաճելի ու պատասխանատու օրերից մեկն է»:

Արարողության վերջում Տեր Սիմեոնը մասնավորապես շնորհավորեց Խաչի քավորին մաղթելով, որ Աստված առողջություն, երջանկություն և իմաստություն պարգևի նրա և իր ընտանիքի անդամներին»:

Ջրօրհնեքի արարողությունից հետո Սուրբ Խաչը, որպես օգնական և պահապան, որոշ ժամանակ պետք է մնա զորամասում:

Ջրօրհնեքի արարողությունից անմիջապես հետո զորամասում կատարվեց նաև Տնօրհնեքի արարողություն: Արարողության ժամանակ երգվեց Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված և Սուրբ Մովսես Խորենացու հեղինակած «Խորհուրդ մեծ եւ սքանչելի …» շարականը, այնուհետև Ավետարանի ընթերցանությունից հետո օրհնվեցին հացը, աղը և ջուրը:

Ջրօրհնեքի և Տնօրհնեքի արարողությունների վերջում զինծառայողները, սպաներն ու աշխատակիցները խմեցին օրհնված ջրից, ճաշակեցին օրհնված հացից և աղից ու համբուրեցին Ջրօրհնեքի Խաչը:

Նյութը պատրաստեց
ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
17 հունվարի, 2018թ.

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest