Ս. ՍԱՐԳԻՍԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԲԱՐԵԽՈՍ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի ու տասնչորս զինակիցների տոնը հայ հավատացյալի սիրելի տոներից մեկն է ոչ միայն եկեղեցական-տոնական, այլև ծիսական-ժողովրդական առումով, քանի որ տոնի այս շերտը պակաս հարուստ չէ:

Ըստ վարքի՝ Ս. Սարգիսը, ով զինվորական էր, քրիստոնեություն է քարոզել ու զբաղվել եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի կայսեր օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սարգիսն Աստծուց հրաման է ստանում հեռանալ կայսրությունից։ Իր որդու հետ նախ հաստատվում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրանը։ Վերջինս, խուսափելու համար Հուլիանոսի ցասումից և երկիրը զերծ պահելու համար կայսեր արշավանքից, Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ: Սարգիսը նշանակվում է զորագնդի հրամանատար։ Նրա զինակիցներից շատերը, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին զրադաշտական հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Լուրը հասնում է Շապուհ արքային, և սա զորահրամանատարից պահանջում է պաշտել կրակն ու զոհ մատուցել։ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատը և ավերում ատրուշանը, ուստի ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Նահատակվելուց առաջ սուրբը դիմում է Տիրոջը՝ խնդրելով իր բարեխոսությամբ աղոթողների խնդրանքն արագորեն կատարել: Քրիստոնեական հավատի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զինվորները։

Որոշ ժամանակ անց Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգսի նշխարները Պարսկաստանից փոխադրում է Հայաստան և ամփոփում Կարբի ավանում՝ հիմնելով Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին ու համանուն վանքը։ Զորավարը դառնում է մեր Եկեղեցու ու բարեպաշտ ժողովրդի սիրելի սուրբերից մեկը, իսկ նրա անվամբ կառուցված եկեղեցիներն ու մատուռները՝ մարդաշատ ուխտատեղիներ:

Տոնը Հայաստանում ավանդաբար նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա կողակցին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, որ դրա վրա սուրբը կթողնի իր ձիու պայտի հետքը։ Ըստ ավանդության՝ մեծ հաջողություն է սպասում այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի մեջ այդ հետքը տեսանելի կլինի։

Այս տարի տոնն առանձնահատուկ նշվեց Շիրակի կայազորում: Գյումրու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներն այցելել էին քաղաքի զորամասերից մեկը, որտեղ կայազորի ավագ գնդերեց Տ. Հակոբ քահանա Գրիգորյանի ձեռամբ կատարվեց երիտասարդների ու զինվորների համատեղ օրհնության կարգ: Քահանան նախ անդրադարձավ օրվա խորհրդին ու սուրբի վարքին, իսկ օրհնության կարգից հետո երիտասարդները ներկա զինվորներին բաշխեցին իրենց հետ բերված ավելի քան 100 աղի բլիթները, որ ծրարված էին Սուրբ Գրքից քաղված խրատներով: Օրն առիթ դարձավ տարեկից երիտասարդների ու զինվորների շփման, վերջիններս էլ հյուրերին ծանոթացրեցին զորամասի պայմաններին ու առօրյային: Փոխադարձ շնորհավորանքներ հնչեցնելուց հետո երիտասարդները մեկնեցին՝ խոստանալով մյուս տոներին ևս այցելել հայրենյաց հարազատ պաշտպաններին:

Հաջորդ օրը հարևան զորամասի տարածքում գտնվող Ս. Սարգիս մատուռում մատուցվեց Ս. Պատարագ, ինչն էլ տոնն ամբողջական դարձրեց: Մասնակից զինվորներն ու սպաները հաղորդվեցին Տիրոջ Մարմնին ու Արյանը:

 

Հակոբ քհն Գրիգորյան
Շիրակի կայազորի ավագ գնդերեց

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest