Յուրաքանչյուր խաղաղ օր հնարավորություն է, որպեսզի  ավելի ամրանանք. Խաղաղապահ զորամասի զինծառայողների այց հատուկ դպրոց

Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի խաչվառը կրող խաղաղապահ զորամասն իր հոգևոր առաքելությունն ու բարի օրինակները քաղում է իր բարեխոս սրբի Աստվածահաճո,  բազմաշնորհ ու պետականաշեն կենսագրության մեջ։ Հրաշքը տեսանելի է միայն հավատքով։ Ահա այս համոզումն ու նպատակն  ունեցավ Խաղաղապահ զորամասի մի խումբ սպաների և զինծառայողների այցը Երևանի թիվ 11-րդ հատուկ գիշերոթիկ դպրոցը։
Միաբան շուրթերով Տերունական աղոթք հնչեց, ապա ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման ավագ գնդերեց տեր Ենովք քահանա Եսայանի կողմից կատարվեց բժշկության աղոթք։ Զորամասի սպաներն ու զինծառայողները ներկայացել էին ինչպես անհատական նվերներով, անուշեղեններով, մուլտհերոսներով, այնպես էլ երեխաների ֆիզիկական և մտային զարգացման համար հատուկ խաղալիքներով և անհրաժեշտ միջոցներով։
Փոքրիկներն առանձնապես հիացած էին ոչ թէ մուլտհերոսներով, այլ իրենց հայրենի հերոսներով։ Թո՛ղ խաղաղություն լինի և հայ զինվորականը ոչ միայն անսասան համառությամբ պահպանի հայոց պետական սահմանը, այլ նաև իր սրտից, հոգուց մի՛ լույս, մի՛ ջերմություն կարողանա կիսել դրա կարիքը ունեցող մեր զավակների հետ։
Մենք իրավունք չունենք խաղաղության օրն ու ժամը վատնելու։ Մեզ խաղաղություն չտրվեց։ Մեր խաղաղությունը օծվեց մեր եղբայրների և հայրերի արյամբ։ Յուրաքանչյուր խաղաղ օր հնարավորություն է, որպեսզի  ավելի ամրանանք, զորանանք, խոցելի կողմերին ուշադրություն դարձնենք և այդ ուշադրությունն է, որ որպես բալասան կբուժի մեր բոլոր խոցված վերքերը։
Հաղթանակը կարևոր երեք սյուն է ունենում՝ ֆիզիկական, բանական և հոգևոր։ Հայոց բանակն ունեցավ այդ երեքն էլ, կատարյալ հաղթանակի ծիրանին կրեց իր ուսերին։ Հայ զինվորականը Աստծո շնորհած ամեն օր այս հավատամքով է իր ծառայությունը մատուցում՝ իր Աստծուն և իր Հայրենիքին։
Շնորհակալություն Խաղաղապահ զորամասի տղաներին՝ ի դեմս Հետախուզական վաշտի։
Շնորհակալություն 11-րդ Գիշերոթիկ դպրոցի տնորինությանը, ի դեմս Տիկին Անահիտի։
Շնորհակալություն  գիշերոթիկ դպրոցի սաներին։ Շնորհակալություն, որ ձեր հոգին այդքան մաքուր ու անարատ է և ձեր ներկայությամբ Աստծո սերն ու հովանին եք սփռում ձեր շուրջը։

Նյութը պատրաստեց՝ Խաղաղապահ N Զորամասի գնդերեց
Հրայր Սրկ․ Լալայան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest