Իմ հերթապահության ժամանակ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել

Փետրվարի 9-ը խորհրդանշական էր ՀՀ ԶՈւ N զորամասում, քանի որ տեղի ունեցավ հերթական նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունը, որին ներկա էին բարձրաստիճան զորականներ, գնդերեցներ, հազարավոր հյուրեր:

Միջոցառումն սկսվեց մարտական դրոշի պանծացմամբ, շարունակվեց զինվորների խրոխտ ու արիասիրտ երդմամբ բյուրավոր բազմության առաջ:

Հայրենանվեր արարողությունը եզրափակվեց Տերունական աղոթքով, ինչը վկայումն է այն բանի, որ հայրենիքի և ազգի առաջ արդեն երդում տված զինվորի առաջին խոսքը պետք է լինի աղոթքը:

Շնորհավորեց նաև N զորամասի գնդերեցը, որն իր խոսքում ասաց.

«Պարոն գեներալ, գնդապետներ, հարգարժան հրամանատարական-սպայական կազմի ներկայացուցիչներ, սիրելի զինվորներ, ներկա գտնվող հյուրեր, շնորհավորում եմ ամենքիս այս նվիրական ու հայրենաշունչ արարողության կապակցությամբ:

Սիրելի’ հայրեր և մայրեր, այսօր դուք դարձաք մեկն այն ծնողներից, ովքեր ամենուր հպարտ ճակատով կարող են ասել, որ ի’մ որդին, ի’մ զավակը զինվոր է, ի’մ զավակն է այսօր պահպանում իմ և բոլորիս խաղաղությունը:

Երդվյա’լ քաջեր, մեր աղոթքն է, որ այս տարիների ընթացքում ձեր շուրթերից ամենից շատ հնչի. «Իմ հերթապահության ժամանակ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել» արտահայտությունը:

Եվ ինչպես որ այսօր է երկինքը խաղաղ, թող խաղաղ մնա ձեր ծառայության բոլոր օրերում ամեն»:

N զորամասի գնդերեց
Մանվել սրկ. Սարգսյան

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest