Քանի դեռ հայն ապրում է իր հերոսների հոգու արիության և հավատի տոկունության օրինակով, թշնամին չի կարող հաղթանակ երազել. Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

2018 թ. Փետրվարի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սրբոց Վարդանանց տոնը: Զինված Ուժերի համար այս տոնը նույնպես մեծ նշանակություն և դեր ունի, և սա է պատճառը, որ Վանաձորի թիվ N զորամասում նախքան տոնն արդեն սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Զորամասի գնդերեց Վլադիմիր սարկավագ Գևորգյանը տոնից օրեր առաջ արդեն շաբաթվա բացման հանդիսավոր տողանին իր խոսքում անդրադարձ կատարեց Սրբերի հիշատակության օրվան, ներկայացրեց պատմական կարճ ակնարկ, այնուհետև անդրադարձ կատարեց ներկայիս Վարդաններին՝ բոլոր այն քաջ հերոսներին, ովքեր իրենց կյանքն իսկ չեն խնայում հանուն հայրենիքի ու հավատքի պաշտպանության:
Փետրվար 8-ին կազմակերպչական աշխատանքների շնորհիվ հնարավոր դարձավ զորամասի զինվորների այցելությունը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ նրանք մասնակիցը եղան Սուրբ և Անմահ Պատարագի: Պատարագից անմիջապես հետո եկեղեցու հանդիսությունների դահլիճում զինվորները մասնակցեցին Վարդանանց հերոսներին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Վանանդ քհն. Անդրեասյանը և կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳՏ օգնական Արթուր Հայրապետյանը:
Միջոցառման սկզբին խոսք ասաց Սեպուհ արք. Չուլջյանը, ներկաներին ողջունեց հայրական օրհնությամբ և իր խոսքի վերջում միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով: Բացման խոսք ասաց նաև Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վահան քհն. Ազարյանը, որ մեծապես կարևորեց Սրբերի հիշատակությունը և նշեց, որ քանի դեռ հայ ազգն ապրում է իր հերոսների հոգու արիության և հավատի տոկունության օրինակն իր առջև ունենալով, թշնամին երբեք չի կարող նույնիսկ երազել հաղթանակի մասին: Կորպուսի հոգևոր սպասավոր Վանանդ քհն. Անդրեասյանն ընթերցեց Վեհափառ Հայրապետի կոնդակը Վարդանանց տոնի վերաբերյալ, իսկ կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳՏԻ ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հայրապետյանը նույնպես հանդես եկավ շնորհավորական խոսքով: Միջոցառման գեղարվեստական երանգներն առավել գունեղ դարձան շնորհիվ Վանաձորի Կամերային երգչախմբի, որ ներկաներին մատուցեց Վարդանանց քաջերին ձոնված մի շարք հայրենասիրական երգեր:
Վստահաբար կարող ենք ասել, որ զինվորականները զորամաս վերադարձան իրենց հոգում և մտքում ևս մեկ անգամ հաստատվելով հայրենասիրության, անձնանվեր ծառայասիրության և արիության զգացումների մեջ, իրենց սրտերում դեռևս լսվող <<Իմ հայրենյաց հոգի Վարդան>> երգի զրնգուն հնչյուններով:

 

Նյութը պատրաստեց՝
Վանաձորի թիվ N զորամասի գնդերեց
Վլադիմիր սարկավագ Գևորգյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest