Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի այցը Քարվաճառի զորամաս

Փետրվարի 24-ին մեկօրյա այցով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս աբրահամյանի օրհնությամբ Քարվաճառի N զորամաս էին այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը և աշխատակից Գոռ սարկավագ Համբարձումյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած հյուրերը զորամասի գնդերեց Մանվել սարկավագի ուղեկցությամբ հանդիպեցին հրամանատարական կազմին և վերջիններս կարևորելով հոգևորականների մշտամնա ներկայությունը զորամասում` բարի գալուստ մաղթեցին հոգեշնորհ հայր սուրբին և բարեշնորհ սարկավագին:

Այնուհետև հյուրերը մեկնեցին դիրքեր` ողջունելու, գոտեպնդելու, մատաղ բաժանելու քաջ սահմանապահ զինվորներին և միասին առ Աստված աղոթք բարձրացնելու հայրենիքի խաղաղության և զորացման համար:

Սահմանապահ զինվորների հետ ջերմ ու հուզառատ շփումն ուղեկցվեց հոգևորականների երգերով և օրհնության բաշխումով: Օրը շարունակվեց զորքի հետ հանդիպմամբ, որի ընթացքում Հայր Գարեգինը զինվորներին ներկայացրեց ճեմարանականների առօրյան, պատասխանեց զինվորների կողմից հնչեցված բազում հարցերի: Երեկոյան հյուրերն այցելեցին վատառողջ զինվորներին, տեղեկացան նրանց բուժման ընթացքի մասին և աղոթեցին նրանց շուտափույթ ապաքինման ու զինվորական շարքեր վերադառնալու համար:

Առավոտյան Մայր Աթոռի միաբանները հրաժեշտ տալով զինվորներին, ճանապարհ ընկան դեպի պատմական Դադիվանք, ուր Բարձրյալին աղոթեցին Արցախ աշխարհի բարգավաճման ու անսասանության համար և զինվորներից ստացած ժպիտներն իրենց սրտում ամրագրելով` վերադարձան Սուրբ Էջմիածին:

 

Նյութը պատրաստեց՝
ՀՀ ՊՆ N Զորամասի գնդերեց՝ Մանվել սրկ. Սարգսյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Pin It on Pinterest