ԽԱՉՎԵՐԱՑ

%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b9-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%b6Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն` «խաչի բարձրացում»:
Գողգոթայում կառուցված Սուրբ Հարության տաճարն օծվում է սեպտեմբերի 13-ին, իսկ սեպտեմբերի 14-ին տարբեր երկրներից այստեղ են հավաքվում եպիսկոպոսներ, ովքեր, ժողով գումարելով, որոշում են ամեն տարի սեպտեմբերի 14-ին բոլոր եկեղեցիներում տոնել Խաչի բարձրացման տոնը` Խաչվերացը: Սակայն տոնն իր վերջնական հաստատումն է ստանում հետագայում` ներառելով նաև Քրիստոսի Խաչափայտի գերեդարձության հիշատակը:
610 թվականին Պարսկաստանի Խոսրով 2-րդ Փարվեզ (590–628) թագավորը վերսկսում է ռազմական գործողությունները Բյուզանդական կայսրության դեմ, որի հետ պատերազմում էր 602 թվականից ի վեր: 614 թվականին պարսկական զորքը մտնում է Երուսաղեմ: Սրի է քաշվում բնակչության զգալի մասը, շատերը գերեվարվում են: Գերվում են նաև Զաքարիա պատրիարքն ու խաչապահը: Նրանց տանջանքների մատնելով՝ պարսիկները տեղեկանում են Հիսուսի Խաչափայտի տեղը և ձեռք գցած ավարի՝ ոսկու ու արծաթի հետ ուղարկում պարսից արքային: Ս. Խաչին ուղեկցող զարմանահրաշ երևույթները երկյուղածությամբ են համակում Պարսկաստանի բնակչությանը, շատերը մտածում էին, որ քրիստոնյաների Աստվածն իրենց մոտ է եկել: Շատերը, դիմելով տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն են ընդունում: 21
Տարածքային մեծ կորուստներ կրած Բյուզանդիան Հերակլ կայսեր (610–641) գլխավորությամբ նախապատրաստվում է հակահարձակման: Պատերազմը այսուհետ դառնում է սրբազան՝ հանուն Խաչափայտի: 622 թվականից ի վեր Հերակլը հաղթական համառ մարտեր է մղում, որոնց մասնակցել է նաև հայկական մի զորագունդ իշխան Մժեժ Գնունու գլխավորությամբ: 628 թվականին կայսերական զորքը մտնում է Տիզբոն: Քաղաքական լարված իրավիճակում պարսից մեծամեծերը գահընկեց են անում և սպանում Խոսրով թագավորին՝ գահին բերելով նրա որդուն՝ Կավատ Շերոյին: Վերջինս հաշտություն է խնդրում: 629 թվականին Հիսուսի Խաչափայտը Պարսկաստանից հանդիսավոր թափորով վերադարձվում է Երուսաղեմ: Վերադարձի ճանապարհն անցնում էր Հայաստանով, որտեղ ժողովուրդը խանդավառությամբ ընդառաջ էր գնում և ուղեկցում սուրբ Խաչափայտը: Կարինում պարսիկները փորձ են անում հետ վերցնելու այն, սակայն հայ զորաջոկատն ու ժողովուրդը հետ են մղում նրանց հարձակումը: Մարտից հետո վերադառնալով՝ տեսնում են, որ այնտեղ, ուր դրված էր Խաչը, վճիտ աղբյուր է բխում: Այդ վայրը հետագայում դառնում է ուխտատեղի, իսկ Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռնագագաթը այս դեպքերից հետո կոչվում է Խաչափայտ: Գերեդարձի ողջ ճանապարհին Հիսուսի Խաչափայտն ամենուրեք վեր էր պարզվում ու փառաբանվումª որպես Քրիստոսի հրաշափառ Հարության խորհրդանիշ և իբրև մխիթարություն դիմավորող ժողովրդի համար: Այսպես երրորդ անգամ հաղթականորեն բարձրացվում է Քրիստոսի Խաչը՝ պայմանավորելով Խաչվերացի տոնի վերջնական հաստատումը:
Խաչվերացի տոնի կիրակի երեկոյան կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն և անդաստանի կարգ: Արարողությունն սկսվում է ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով: Թափորապետը զարդարված խաչով խաչակնքում և օրհնում է աշխարհի արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերը՝ բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց, և վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո խաչը ներս է տարվում եկեղեցի և դրվում Սուրբ Սեղանի վրա:
Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը կամ սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը Մեռելոց հիշատակության օր է:

 

 

Աշխատասիրությամբ՝
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest