ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ, ԱԴՈԿՏՈՍ ԵՎ ՌՈՄԱՆՈՍ ԵՐԳԵՑՈՂ

%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d6%80
ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ

Սուրբ Գևորգ զորավարը Կապադովկացի է` բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է վերջինիս` քրիստոնյաներին հալածելու ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է տվել սուրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Սուրբ Գևորգի քարոզության շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին փորձելու և դարձի բերելու համար: Առաջին դեղով բաժակը խմելուց հետո պիտի փոխվեր սրբի միտքը, իսկ երկրորդի պարագային` պիտի մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ երկուսն էլ խմում է և ի զարմանս բոլորի կենդանի մնում: Նա նաև հարություն տալիս մի մեռյալի:
Կայսեր բազում թախանձանքներից հետո, Սուրբ Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատանը` մեկառմեկ ջարդոտում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս Սուրբ Գևորգին շուրջ 303 թվականին:
Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին` հայկական Մելիտենեում Մաքսիմիանոսի ժամանակ: Եղել է պետական պաշտոնյա Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսերը, նրան փախցնում է արևելք: Իր քրիստոնյա լինելու պատճառով կայսեր հրահանգով զրկվում է իր կոչումից և ունեցվածքից` վտարվելով Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում հեթանոսության դարձնել Ադոկտոսին: Անսասան մնալով իր հավատքին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Սուրբ Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Սուրբ Աստվածածինը հայտնվում է նրան երազում և տալիս է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Ռոմանոս Երգեցողը վախճանվել է 556 թվականին:
Հայ Եկեղեցին Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի տոնը նշում է Խաչվերացի Երրորդ Կիրակիի նախորդ օրը՝ Շաբաթ կամ Վարագա Սուրբ Խաչի Կիրակիի նախորդ օրըª Շաբաթ:

 

Աշխատասիրությամբ՝
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This