Սուրբ Սահակ, սուրբ Մեսրոպ

img_0992Հայ ժողովուրդն առանձնակի սիրով է մեծարել հայերեն գրերը ստեղծող և թարգմանության գործի նվիրյալ իր զավակներին: Գրերի գյուտով սկսվեց հայ դպրությունը, և դրսևորվեց հայ ժողովրդի իմացության ու ճանաչողության ձգտումը` ստեղծագործ հանճարեղ ոգին, որը ծնունդ տվեց բազմադարյա հոգևոր, գրական ու գիտական հարուստ ժառանգությանը: Հայ ժողովրդի համար, հատկապես պետականության կորստի ժամանակներում, նրա հոգևոր և մշակութային արժեքները դարձան ինքնության պահպանման երաշխիքներ, աշխարհասփյուռ իր զավակներին միավորող զորություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տարվա մեջ երկու տոն է սահմանել` ձոնված սուրբ ու անմահ հիշատակին նրանց, ում ջանքերով, նվիրումով ու հանճարով ստեղծվեցին հայոց գրերը, սկիզբ դրվեց հայ թարգմանական ու ինքնուրույն գրականությանը և քրիստոնյա հայ ժողովրդի մշակութային լայնահուն ճանապարհին: Առաջինը տոնը նվիրված է Սահակ հայրապետին ու Մեսրոպ Մաշտոցին: Այն տոնվում է Հոգեգալստից հետո երեսուներեքերորդ օրը, հինգշաբթի, տատանվում է հունիսի 11-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը, ըստ ավանդության, Արաքս գետի ափին հանդիպել են Սահակ Պարթև հայրապետը և Մեսրոպ Մաշտոցը: Տոնը նշվում է ուխտագնացությամբ դեպի Օշական` Մեսրոպ Մաշտոցի գերեզման:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ: Ս. Սահակը որդին էր Ներսես Մեծ հայրապետի, Գրիգոր Լուսավորչի տոհմի հինգերորդ և վերջին շառավիղն էր ու իր առաքինասեր վարքով նմանվեցիր հայրերին: Ծնվել է 348 թ. սեպտեմբերի 29-ին, Կեսարիայում, ուր երիտասարդ տարիքում ուսանում էր հայրը` ապագա Ներսես Մեծ հայրապետը: Ս. Սահակը նույնպես երկար տարիներ ուսանում է Կեսարիայում և Բյուզանդիայում. «..Վարժվածությամբ առլեցուն`բարձր էր հունաց շատ գիտնականներից` լինելով կատարելապես հմուտ հունարեն տառերի հնչյունաբանությանը և հռետորական հորդասաց մեկնաբանություններին, առավել ևս` ցույց էր տալիս իր տեղյակությունը փիլիսոփայական արվեստին»: Նա կատարյալ տիրապետում էր հունարենին և ասորերենին, որոնցով Հայաստանում տարվում էր ժամանակի դպրությունը, նաև`պարսկերենին, որը Հայաստանի` Պարսից տերության ներքո գտնվող արևելյան և մեծագույն մասի պաշտոնական լեզուն էր: Նա ամուսնացած էր դեռ Կեսարիայում սովորելու շրջանում և ուներ մի դուստր` Սահականույշ անունով, ով հետագայում դառնում է Համազասպ Մամիկոնյանի կինը` ունենալով երեք որդի, որոնցից մեկն Ավարայրի հերոս ու քաջ նահատակ Վարդան Մամիկոնյանն էր: Խորենացու «Հայոց պատմության» տեղեկություններից ենթադրվում է, որ Սահակը հավանաբար վաղ է այրիացել կամ փոխադարձ համաձայնությամբ բաժանվել կնոջից, քանի որ իր շուրջ հավաքելով մոտ 60 աշակերտների` վարում է խստակրոն ճգնողական կյանք, շրջում և քարոզում ու մխիթարում է ժողովրդին: 387 թ. Սահակ Պարթևն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս հայոց Խոսրով Դ թագավորի (387–389 թթ.) աջակցությամբ: Վերջինիս գահընկեցությունից հետո Հայաստանի թագավոր է դառնում եղբայրը` Վռամշապուհ Արշակունին (389–414 թթ.): Հաջորդում է շուրջ 20 տարիների խաղաղ մի ժամանակաշրջան, որի ընթացքում Սահակ հայրապետն իր հավատարիմ գործակից Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ ծավալում է հոգևոր և մշակութային եռանդունգործունեություն` ունենալով Վռամշապուհ թագավորի ու Առավան Հազարապետի աջակցությունը: Նրա հայրապետության օրոք տեղի ունեցավ հայ կյանքի մեծագույն իրադարձություններից մեկը` հայ գրերի գյուտը: Գողթնում քարոզելու շրջանում Մեսրոպ Մաշտոցը համոզվում է, որ Աստվածաշունչ Մատյանը պետք է ունենալ հայերենով, և առաջնային անհրաժեշտություն է հայկական գրերի ստեղծումը: Խորենացու վկայությամբ` «…Սահակի մոտ եկավ Մեսրոպը հայերեն գրերի հարցի առիթով և տեսավ, որ նա ավելի ևս փափագում է այդ բանին»: Նույնը հաստատում է նաև Կորյունը: Նաև Ղազար Փարպեցին է վկայում, որ Մեսրոպը «կարողացավ հայերեն այբուբենը կարգավորել-դասավորել ըստ հունարենի հնչյունային-վանկական անսայթաք դասավորության` հաճախ հարցնելով ու Սահակ կաթողիկոսից իմանալով հունարեն տառերի օրինակները: Պարզ է, որ նրանք չէին կարող անսխալ կատարել գործը, առանց առաջնորդվելու սուրբ հայրապետ Սահակի կողմից…»: Տարբեր պատմիչների տեղեկություններն ընդհանրացնելով` Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը եզրակացնում է, որ Մեսրոպ վարդապետը, շրջագայություններից վերադառնալով Հայաստան, Սահակ հայրապետի քննությանն է հանձնում իր ստեղծած հայոց գիրը, որը և հաստատվում է հայրապետի գերագույն հեղինակությամբ: Կաթողիկոսի և Մաշտոց վարդապետի ջանքերով Հայաստանում ծայր է առնում հայ դպրության օրհնյալ ընթացքը` իբրև քրիստոնեության մեծ շնորհ հայ ժողովրդին: Ս. Սահակ Պարթև հայրապետը թողել է մատենագրական նշանակալի ժառանգություն. գրել և եղանակավորել է շարականներ, Պատարագամատույց, ծիսական աղոթքներ, կանոնավորել է Հայ եկեղեցու Տոնացույցը, նրա sam_5856-1անունով«Կանոնագիրք հայոց»-ում հայտնի է կանոնախումբ` եկեղեցական ու աշխարհիկ կյանքի տարբեր հարցերը խստապահանջորեն ու նախանձախնդրորեն կարգավորող: Մեսրոպ Մաշտոցի հետ Սահակ Պարթևը հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է: Ս. Սահակ կաթողիկոսի հայրապետության շրջանում` 431 թ., տեղի է ունենում Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը, որը դատապարտում է նեստորական ուսմունքը: Ժողովի վճիռները Հայաստան են բերում Սահակի և Մաշտոցի` Բյուզանդիայում իրենց կրթությունը կատարելագործող աշակերտները, որոնց մեջ էին Եզնիկ Կողբացին, Ղևոնդ Երեցը, Կորյունը, Հովսեփ Պաղնացին: Հայ եկեղեցին ճանաչում է ժողովի որոշումները: Նրանք բերում են նաև հունարեն Աստվածաշնչի լավագույն օրինակ, որի հետ համեմատությամբ լրացվում է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը նախապես կատարվել էր ասորական օրինակից: Այս վճռական խմբագրությունը Ղազար Փարպեցին վերագրում է Սահակին: Նրա տեղեկության համաձայն` Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի Սահակի օգնությանն էին դիմում` Աստվածաշունչը հունարենից հայերեն թարգմանելիս, քանի որ վերջինս կատարելապես տիրապետում էր հունարենին և քաջատեղյակ էր փիլիսոփայությանը, ինչպես նաև հնչյունաբանությանը: Նրա հիմնարար խմբագրությամբ սերունդներին է թողնվում թարգմանության գլուխգործոց Աստվածաշնչի հայերեն տարբերակը` «Թարգմանությունների թագուհին»: Նրա ջանքերով հայ դպրությունը տարածվում է ոչ միայն արևելյան (պարսկական ենթակայության), այլև արևմտյան (բյուզանդական ենթակայության) Հայաստանում: Վռամշապուհի մահից հետո Սահակ կաթողիկոսի դիմումով Հազկերտ Ա-ն հայոց գահին է վերադարձնում ԽոսրովԴ-ին, բայց վերջինս շուտով մահանում է: Այս անգամ գահն անցնում է պարսից արքայազն Շապուհին: Լսելով հոր մահվան մասին` նա 420 թ. մեկնում է Տիզբոն` հոր գահը ժառանգելու, սակայն սպանվում է գահակալական կռիվներում: Կրկին կաթողիկոսի ջանքերով հրավիրվում է հայ ավագանու ժողով, որը դիմում է պարսից արքունիք` թագավոր կարգելու համար Վռամշապուհի որդի Արտաշեսին: Իր կարճատև թագավորության ընթացքում Արտաշեսը (424–428 թթ.) ցոփ ու շվայտ կյանքով, անպատասխանատու վարքով իր դեմ է գրգռում հայ նախարարներին, ովքեր պարսից արքայից խնդրում են նրա գահընկեցությունը և Սահակից պահանջում միանալ իրենց խնդրանքին: Սակայն արիասիրտ, իմաստուն ու հեռատես հայրապետը չի համաձայնվում. «…քա՛վ լիցի, որ ես մատնիչ լինեմ և իմ հոտի մոլորյալ ոչխարը հանձնեմ անհավատներին` ծանակելու»: Այս պատճառով և ամբաստանվում է նախարարներից ու Արտաշեսի հետ կանչվում Տիզբոն: Այստեղ կազմակերպված դատավարության ժամանակ կաթողիկոսը կրկին հրաժարվում է մեղադրել Արտաշեսին: Ընդհակառակը` նա համարձակվում է ասել, որ հայոց թագավորը ինչի մեջ որ մեղադրվում է, հանցանք է համաձայն քրիստոնեական հավատի ու վարդապետության, բայց պարսից օրենքի առաջ նա անմեղ է: Սակայն Վռամ Ե-ն և պարսից արքունիքը առիթը բաց չեն թողնում հայոց թագավորությունը վերացնելու: 428 թ. այն դադարում է նաև Հայաստանի պարսկական մասում: Արտաշեսը բանտարկվում է, իսկ կաթողիկոսը պաշտոնանկ է արվում և պահվում Տիզբոնում` որպես աքսորական: Սակայն և՛ աքսորի տարիներին, և՛ հետագայում, երբ վերադարձել էր Տիզբոնից, հայ ժողովուրդը միայն նրան էր ճանաչում ու ընդունում որպես Ամենայն հայոց կաթողիկոս` հակառակ պարսից կողմից կարգված և Ս. Էջմիածնում միմյանց հաջորդող կաթողիկոսների ապօրինի գահակալության: Հայաստան գալով` Ս. Սահակը հաստատվում է Բագարանում, հավանաբար` նշանավոր Ս. Հովհաննես վանքում: 439 թ. նոր իշխանության եկած Հազկերտ Բ թագավորը (438–457 թթ.) պատերազմ է սկսում Բյուզանդիայի դեմ: Նրա բանակներից մեկը մտնում է Հայաստան: Մերձավորները փորձում են ծերունի հայրապետին հեռու տանել արշավող բանակի ճանապարհից, սակայն վերջինս ճանապարհին վախճանվում է Բագրևանդի Բլուր գյուղում, իր ծննդյան օրը: Նրա աճյունը Վարդան Մամիկոնյանի կինը` Դստրիկը, փոխադրում է Տարոն և ամփոփում Աշտիշատում: ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ: Սահակ հայրապետի անխոնջ լծակիցն ու նվիրյալ գործակիցն էր Մեսրոպ Մաշտոցը: Նա ծնվել է մոտ 360 թ., Տարոնի Հացեկաց գյուղում, «կարճազատ» Վարդանի ընտանիքում: Համաձայն Մաշտոցի վարքագիր Կորյունի և մյուս պատմիչների` նա լավագույն կրթություն է ստացել` սովորելով Տարոնում, ըստ Ղազար Փարպեցու`«հելենական» դպրոցում: Այստեղ հարկ է հիշել Ներսես Մեծի բացած դպրոցները, հատկապես` վանքերին կից, և, ինչպես Հր. Աճառյանն է կարծում, հավանաբար Մաշտոցը սովորել է Մշո Ս. Կարապետ վանքում գործող այդպիսի դպրոցներից մեկում: 389 թ. տեղափոխվում է Վաղարշապատ և որպես ատենադպիր` պաշտոնավարում արքունիքում, ապա դառնում զինվորական: Սակայն ավելի կատարյալ կյանքի կոչումով առաջնորդվելով` թողնում է աշխարհիկ կյանքը, ձեռնադրվում կուսակրոն հոգևորական և, շուրջը հավաքելով շուրջ 40 աշակերտների, նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանն ու քարոզությանը: Իր աշակերտների հետ Մեսրոպ Մաշտոցը քարոզչական գործունեություն է ծավալում Գողթն գավառում: Այստեղ համոզվում է Աստվածաշունչը հայերենով ունենալու ծայրահեղ անհրաժեշտության մեջ, որպեսզի այն հասկանալի լինելով ժողովրդին` ամրագրվի նրա սրտում ու կյանք դառնա: Նա գալիս է Վաղարշապատ և կաթողիկոսին ներկայացնում իր մտադրությունը` հայ գրեր գտնելու վերաբերյալ: Հայրա-պետը հավանություն է տալիս ձեռնարկին, հրավիրում ժողով, որին մասնակցում էին բոլոր եպիսկոպոսները: Ժողովը նույնպես որոշում է ձեռնարկել այդ գործը, և դիմում են Վռամշապուհ թագավորին: Պարզվում է, որ հայկական նշանագրեր կան Դանիել ասորի եպիսկոպոսի մոտ: Դրանք բերվում են, և թագավորի կարգադրությամբ մանուկներ հավաքելով` Մաշտոցը փորձում է ուսուցանել: Բայց նշանագրերը թերի էին: Մովսես Խորենացին գրում է. «…այդ մուրացված գծագրությունը ընդունակ չէր վանկ առ վանկ ճիշտ արտահայտել հայերեն բառերի հնչյունները»: Թագավորի և կաթողիկոսի հանձնարարականով Մաշտոցը աշակերտների հետ մեկնում է ժամանակի հայտնի կրթօջախներ` Ամիդ, Եդեսիա: Նա շարունակ պրպտում էր, անդուլ ջանքեր գործադրում և խնդրում Աստծու օգնությունը: Աստծու շնորհով Եդեսիայում Մաշտոցը գտնում է հայկական տառերը: Ինչպես պատմում է Խորենացին, ապավինած Աստծուն և անձանձիր աղոթքով խնդրելով Նրա ամենախնամ տնօրինությունը` սուրբը «…տեսնում է ո՛չ երազ քնի մեջ, ո՛չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր (գրերի) հանգամանքները նրա մտքում հավաքվեցին` ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագիրները»: Դրանք` թվով 36, նշանագրում է Սամոսատում` հույն Հռոփանես գրչի օգնությամբ: 405 թ. սահմանագծին Մաշտոցը վերադառնում է Հայաստան: Արաքսի ափին, Վաղարշապատի մատույցներում հայոց թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը ցնծությամբ դիմավորում են հայոց գրերը բերող Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին: Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ կաթողիկոսը կրթական ու մշակութային լայն գործունեությունեն ծավալում: Միաժամանակ և՛ ուսուցանում էին, և՛ թարգմանում: Իր աշակերտների հետ Մեսրոպ Մաշտոցը շրջագայում է Հայաստանով, բազմաթիվ դպրոցներ բացում երկրի տարբեր մասերում, հիմնում վանքեր, որոնք դառնում են հոգևոր, ուսումնական, գրչության ու գիտական կենտրոններ: Նրա գործունեությունը տարածվում է նաև Հայաստանի բյուզանդական մասում, որտեղ ևս բացում է հայկական դպրոցներ և կրթում աշակերտների: Նրա բեղուն գործունեությունը տարածվում է նաև հարևան Վրաստանում ու Աղվանքում, նա ստեղծում է նաև վրացական ու աղվանական տառերը: Ս. Մեսրոպ Մաշտոցը նույնպես գրել է շարականներ: Լինելով հայ դպրության հիմնադիրը, նա նաև հայերենի առաջին ուսուցիչն է և հայոց լեզվի ուսուցման ձևերի ու սկզբունքների առաջին կիրառողը: Ինչպես նաև` Մաշտոցը Սահակ հայրապետի հետ հայ հոգևոր երաժշտության սկբնավորողն է: Ս. Մեսրոպ Մաշտոցը մահանում է 440 թ. փետրվարի 17-ին: Նրա մարմինը հազարապետ Վահան Ամատունին և զո-րավար Հմայակ Մամիկոնյանը ժողովրդի մեծ բազմության ուղեկցությամբ ամփոփում են ներկայիս Աշտարակի շրջանի Օշական գյուղում, որտեղ 3 տարի հետո Վահան Ամատունին կառուցում է եկեղեցի: Այդ ժամանակ Վաղարշապատի երկնքում երևում է լուսավոր խաչի նշան, որը մի քանի օր շարունակ փայլում է երկնքում` այն տան վերևում, ուր սուրբն ավանդել էր հոգին, այն ուղեկցում է թաղման թափորը մինչև հուղարկավորության վայր և անհետանում միայն սրբի մարմինը գերեզման իջեցնելուց հետո: Սուրբ Մաշտոցի գերեզմանը մշտապես եղել և է՛ ուխտատեղի մեր ժողովրդի համար: Ամեն տարի ս. Սահակին և ս. Մեսրոպ Մաշտոցին, ինչպես նաև ս. Թարգմանիչներիննվիրված տոներին այստեղ են հավաքվում Հայաստանի տարբեր մասերից եկած բազմաթիվ ուխտավորներ` ուսուցիչներ, դպրոցականներ, հայրենիք ժամանած սփյուռքահայեր, Ս. Թարգմանիչների տոնի առիթով կազմակերպվող ամենամյա գիտաժողովների մասնակից մտավորականներ և այլն: Հայ եկեղեցին տարվա ընթացքում Սահակ Պարթև հայրապետի համար սահմանել է երկու տոն. առաջինը նշվում է Բուն բարեկենդանի նախորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը (հունվարի 24-ից փետրվարի 28), իսկ մյուսը` Մեսրոպ Մաշտոցի հետ` Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16): Ս. Մեսրոպ Մաշտոցի տոնը Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է նաև ս. Թարգմանիչների հետ` հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7 ժամանակամիջոցի երկրորդ շաբաթ օրը:

ԱՄՓՈՓՈՒՄ
Թեև 301 թվականից Հայաստանը քրիստոնյա պետություն էր, սակայն 5-րդ դարի սկզբին Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական երկերը, ժամերգություններն ու ծեսերը դեռևս հունարեն կամ ասորերեն էին, քանի որ հայերեն գրեր չկային: Այդ լեզուները ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էին, և քրիստոնեական քարոզչությունը տարվում էր թարգմանաբար: Աստվածաշնչի` հայերեն խոսելն անհրաժեշտություն էր: Միաժամանակ` 387 թ. Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանի երկու հատվածները` արևելյան ու արևմտյան, սկսել էին օտարանալ միմյանցից: Հայաստանի բյուզանդական մասում եկեղեցական լեզուն հունարենն էր, իսկ պարսկական Հայաստանում` ասորերենը: Բնականաբար, հունարենն ու պարսկերենը տարածվում էին հայերի շրջանում: Ինչպես Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսն է գրում 1936 թ. հոկտեմբերի 10-ի` հայոց գրերի գյուտի 1500-ամյակին նվիրված կոնդակում` չկա ոչինչ, որ մարդկանց միմյանց զոդի ու շաղկապի այնպես, ինչպես լեզուն և կրոնը, հատկապես հայ ժողովրդի պարագայում, որը մշտապես բաժան-բաժան լինելով` այս երկուսով է միայն իրեն հայ և Հայ եկեղեցու անդամ ճանաչում: Օտար տիրապետությունների ներքո ուծացման վտանգի առջև հայերեն դպրություն ունե- նալու անհրաժեշտությունը հրատապ էր, որպեսզի ժողովուրդը ոչ միայն խոսեր, այլև գրեր հայերեն ու ստեղծագործեր` արտահայտելով քրիստոնեական իր հավատը, ոգին ու ճանաչողությունը: Այս ամենով է պայմանավորված գրերի գյուտի նշանակությունը, որն իրականացավ Սահակ Պարթև հայրապետի և Մեսրոպ Մաշտոցի ջանքերով, նվիրումով ու հանճարով: Նրանց հիշատակի հանդեպ բոլոր դարերում հայ ժողովուրդը արտահայտել է իր մեծ սերը, խոնարհումն ու մեծարումը` նրանց ճանաչելով հայոց մեծ վարդապետներ` ուսուցիչներ: Սահակ-Մեսրոպյան դպրոցի առաջին սաներից էին Վարդանանք և Ղևոնդյանք: Եվ Սահակ-Մեսրոպյան դպրոցն էր հաղթում Ավարայրում, որպեսզի հաղթեր հայոց բոլոր Ավարայրներում:

 

ՀՀ ՊՆ N ԶՈՐԱՄԱՍԻ ԳՆԴԵՐԵՑ
Արմեն սարկավագ Բայադյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest