ԽԱՉԻ ԳՅՈՒՏ

%d5%ad%d5%a1%d5%b9%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%bfԽաչելությունից և Հարությունից հետո Քրիստոսի դատարկ գերեզմանն ու Խաչը Քրիստոսից մնացած տեսանելի առարկաներից էին, և դրանց վրա կենտրոնացավ քրիստոնյաների մասնահատուկ ուշադրությունը, հարգանքն ու հոգածությունը:
Ըստ ավանդության՝ Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54) կինը՝ Պատրոնիկե թագուհին, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Պատրոնիկե թագուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը, Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով՝ հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե թագուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը՝ դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում և, ըստ ավանդության, այդ առթիվ երևում «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» շարականը: Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատացյալների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաև Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի:
Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայր առաքյալը Պատրոնիկե թագուհուն է նվիրում Խաչից մի մաս, որը թագուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմե կույսին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:
Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղում Գողգոթային մոտ մի վայրում, վրան աղբ կուտակում՝ վայրը վերածելով աղբանոցի: 313 թվականին Կոստանդիանոս Մեծ կայսեր (305-337) Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստանում է ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը՝ Հեղինեն, 327 թվականին գալիս է Երուսաղեմ և մեծ ջանքեր գործադրելով՝ ցանկանում գտնել Քրիստոսի Խաչը: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սկզբում ընդդիմանալով, վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո նա, ի վերջո, ցույց է տալիս խաչերի թաղման տեղը: Փորելով՝ դրանք հանում են աղբի տակից, գտնվում է անգամ Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Եվ նորից Քրիստոսի Խաչը որոշվում է կատարած հրաշքի շնորհիվ. խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում և Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար:
Հեղինե թագուհու կողմից 335 թվականին Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը՝ այն հանդիսավորապես փառավորելով արդեն երկրորդ անգամ:
Խաչի Գյուտի տոնը Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի Յոթերորդ Կիրակի օրը:

 ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ
20 հոկտեմբերի, 2016թ.

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest