ՏԻՐՈՋ ԲԱՆԱԿՆԵՐ ԲԱՐԵԽՈՍ ԵՂԵՔ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

miqayel-hreshtakapetՀայ Եկեղեցու Հրեշտակաբանության համաձայն՝ հրեշտակներն անմարմին գոյացություններ են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: ­­­­Ըստ եկեղեցու սուրբ հայրերի՝ հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը՝ է լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, որոնք իրականցնում են Տիրոջ կամքը: Սուրբ Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են:
Ըստ Դիոնիսիոս Արիսպագացու՝ հրեշտակներն ունեն ինը դասեր՝

  1. Աթոռներ,
  2. Քերովբեներ,
  3. Սերովբեներ,
  4. Տերություններ,
  5. Զորություններ,
  6. Իշխանություններ,
  7. Պետություններ,
  8. Հրեշտակապետեր,
  9. Հրեշտակներ:

Առաջին երեքը՝ Աթոռները, Քերովբեները և Սերովբեները, ամենամերձն են Աստծուն և անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող շնորհներով:
Հաջորդ երեքը՝ Տերությունները, Զորությունները և Իշխանությունները,  միջին դիրք են գրավում. նրանք իրենց շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով և այն հաղորդում ստորիններին:
Իսկ վերջին երեքը՝ Պռտությունները, Հրեշտակապետերը և Հրեշտակները, առավել մերձ են մեզ. վերևի դասերից ստանալով շնորհ և զորություն՝ փոխանցում են մեզ և սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:
Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազ•երի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից:
Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետներ, ինչպիսիք են Գաբրիելը և Միքայելը:
Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում և օժանդակում են մեզ: Ուստի Եկեղեցում հաստատված է նաև հրեշտակներին նվիրված տոն, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց բարեխոսությունը:
Գաբրիել հրեշտակապետը, ում անունը նշանակում է «Աստծո մարդ», Բարձրյալ Աստծո անմիջական պաշտոնյան է, ում վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Գաբրիել հրեշտակապետն էր, որ Տիրոջ կողմից ուղարկվելով, Սուրբ Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային՝ Հովհաննես Մկրտչի հորը, հաղորդեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը:
Միքայել հրեշտակապետը, ում անունը նշանակում է «Ո՞վ է որպես Աստված» կամ նաև «Աստծո զորություն», Աստծո և նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, ում տրված է կառավարելու և թագավորելու շնորհ: Միքայել հրեշտակապետի անունը չորս անգամ վկայակոչված է Սուրբ Գրքում (տես Դանիել 10:13, 12:1, Հուդա 1:9, Հովհաննու Հայտնություն 12:7):
Հայ Եկեղեցին Սուրբ Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքերի տոնը նշում է Խաչվերացի Իններորդ Կիրակիի նախորդ օրը՝ Շաբաթ:
«Աստվածաշունչը մի շարք դրվագներ է ներկայացնում, որոնցում հրեշտակները ոչ միայն պահպանում են Աստծու սիրելիներին, այլև սպանում են ու ոչնչացնում Տիրոջ կամքին ու ծրագրին հակառակվողներին և կամ նրա ժողովրդին նեղողներին:
Եվ քանի որ մեր բանակն ու զորքը այսօր հրեշտակների օրինակով ու կարգապետությամբ և որոշակի գործառույթներով հանձն է առել ամենքիս պաշպանությունը, մեր աղոթքն է առ Աստված, որ հրեշտակային զորքերն ու Բարձրյալի ամենափրկիչ աջը միշտ սատար լինեն հայոց Բանակին ու հայ զինվորին` անառիկ պահելու Հայոց աշխարհի սահմանները:
Մեր աղոթքն է առ Աստված, որ մարտի դաշտում և անկայուն խաղաղության ընթացքում թշնամու դավադիր գնդակից ընկած հայ զինվորների շիրիմներին երկնային խաղաղությունն իջնի : Թող նրանց լուսավոր հոգիները Ուրիել հրեշտակապետն ուղեկցի աստվածատեսության: Վիրավոր զինվորին թող Ռաֆայել հրեշտակապետն Աստծո բժշկությունը հասցնի, իսկ Միքայել հրեշտակապետը հաղթություն պարգևի նրա բազկին:
Մեր աղոթքն է, որ Գաբրիել հրեշտակապետն ավետի մեր ազգի նոր սերունդի ծնունդը, ում երակներում խտացած կլինեն նախնյաց ավանդը, մարտիկի ոգին, հավատի լույսը, ով կապրի ոչ թե հարաբերական, այլ ավագ եղբայրների կողմից կերտված կայուն խաղաղության պայմաններում, նորի ու լուսավորի հանդեպ լցված լավատես ակնկալիքներով:
Բոլորիս միասնական աղոթքով թող երկնավոր զորքերի բարեխոսությունն ու պահպանությունը միշտ լինի մեր երկրավոր զորքի հետ: Թող Տիրոջ առատ օրհնությունը լինի մեր բանակը կազմող յուրաքանչյուր անձի` ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը. այսօր և հավիտյանս հավիտենից. ամեն» (Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան,  ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդ):

 

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց
5 նոյեմբերի, 2016թ.

Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցի, Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի եւ Միքայելի եւ ամենայն երկնային զօրացն
Սրբոց Հրեշտակապետաց Եկեղեցի

%d5%a3%d5%a1%d5%a2%d6%80%d5%ab%d5%a5%d5%ac-%d5%b0%d6%80%d5%a5%d5%b7%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf miqayel-hreshtakapet miqayel-hreshtakapet

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest