ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ (Նորապսակների օրհնության օր)

Տյառնընդառաջը Հայ Եկեղեցու տերունի տնօրինական տոներից է, նշվում է Քրիստոսի Ծնունդից` հունվարի 6-ից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին և քառասուն օրական Հիսուսին Տաճարին ընծայելու հիշատակությունն է: Տյառնընդառաջի տոնը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է և միշտ նշվում է փետրվարի 14-ին:
Ըստ հրեական օրենքի՝ ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այդպես և Սուրբ Մարիամ Աստվածածինը քառասուն օրական Հիսուսի հետ գնում է Տաճար: Ըստ ավանդության, երբ Հովսեփն ու Մարիամը Հիսուս Մանուկի հետ մոտենում են Երուսաղեմի տաճարին, արդեն մութ էր, և Տիրոջ մոտենալու պահին Տաճարի արևելյան դուռը, որը վաղուց ի վեր Աստծո խոսքով փակված էր, ինքնիրեն բացվում է, որով կատարվում է Եզեկիել մարգարեի խոսքը՝ «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով» (Եզեկիել 44:1-3): Տաճարի դռները բացվելիս մեծ դղրդյուն է լինում քաղաքում, որը լսելով բնակիչները դուրս են վազում իրենց տներից՝ տեսնելու Տաճար եկողին: Եվ քանի որ մութ էր, իրենց հետ վառվող ջահեր և ճրագներ են վերցնում: Մենք էլ նույն օրինակով կատարում ենք «Քառասնօրյա Տիրոջ տաճար գալստյան» տոնի նախատոնակը՝ վառվող ջահերով ու մոմերով:
«Տյառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ»: Տյառնընդառաջի տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Եվ ինչպես Աստված խոնարհվեց և դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ՝ աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը նվիրելով Աստծուն, քայլելով Նրա ճանապարհով և ապրելու Նրա պատգամներով ու պատվիրաններով: Ժողովրդի մեջ օգտագործելի են տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության փոփոխված ու աղճատված ձևերն են:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Եթե Տյառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Խորանների վարագույրները և բաց վարագույրով է մատուցվում Պատարագը:
Տյառնընդառաջի տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Կատարվում է հանդիսավոր նախատոնակ, վառվում են եկեղեցու ջահերն ու մոմերը: Այնուհետև Երեկոյան ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և այն տանում իրենց տները, որով և վառում են իրենց տան բակերի խարույկները: Խարույկ վառելը և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը ժողովրդական սովորություններից է: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների՝ քառասուն օրական Հիսուսին ջահերով ու ճրագներով ընդառաջ գալը, որի օրինակով էլ քրիստոնյաներն են տոնի օրը ջահեր և մոմեր վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Իսկ խարույկ վառելու, դրա վրայից թռչելու սովորությունը խորհրդանշում է, որ եթե հեթանոսները կրակը որպես աստված էին պաշտում, ապա քրիստոնյաները այն ընդունում են որպես Աստծո ստեղծագործություն: Կրակի վրայից թռչելով ոտնակոխ է արվում այն` ցույց տալով, որ այն աստված չէ, այլ Նա է Աստված, ով քառասուն օրականում եկավ Տաճար:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է Նորապսակների օրհնության օր և արդեն մի քանի տարի է, ինչ Տյառնընդառաջի տոնի օրը մատուցվող Սուրբ Պատարագից հետո Հայոց Եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

 

Նյութը պատրաստեց՝ ՀՀ ՊՆ N զորամասի Գնդերեց
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
14 փետրվարի, 2017թ.

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This