450–451 թթ. պատերազմը հանուն հավատի և հայրենյաց

Հովսեփ Հողոցմեցի Հայրապետի շրջանում 5-րդ դարակեսին Հայ Եկեղեցին իր հոգևորական ու աշխարհական դասերով ապրեց իր պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը` պաշտպանելով քրիստոնեական իր հավատն ու հայ ինքնությունը։ Հայ Եկեղեցին հոգևորական և աշխարհական դասերով կենաց ու մահվան պատերազմում հաստատեց (նաև` իր համար), որ հավատարիմ է մնում Քրիստոսի փրկության ճանապարհին։ Այսուհետ Հայաստանը` մասնատված, թե ամբողջական, ազատ, թե օտարի տիրապետության ներքո, ամբողջական, թե փոքրացած սահմաններով, կմնա քրիստոնեության անառիկ ամրոցն արևելքում։
387 թ. ի վեր Հայաստանի մեծ մասը Սասանյան Իրանի տիրապետության ներքո էր, պահպանելով, սակայն, իր ներքին ինքնավարությունը և հոգևոր առանձնակի նկարագիրը։ Հայ Նախարարներին էր պատկանում իրենց տիրույթների վարչական ու ռազմական իշխանությունը, նրանց ձեռքում էին կարևոր գործակալությունները` սպարապետությունը, հազարապետությունը, մաղխազությունը։ Կաթողիկոսն էր վարում մեծ դատավարությունը։ Այս ամենով և մանավանդ քրիստոնեական հավատքով, գրերի գյուտից հետո Եկեղեցու ծոցում պոռթկումով զարգացող թարգմանական և ինքնուրույն գրականությամբ, հասարակական կյանքի դրվածքով, օրենքներով, նիստ ու կացով, քրիստոնեական մտածողությամբ ու դիմագծով Հայաստանը առանձնակի մի ամբողջություն էր Սասայան տերության մեջ, որը, եթե անգամ անթերի վճարում էր հարկերը, հավատարմորեն կատարում զինական պարհակը տերության տարբեր, հաճախ ամենավտանգավոր մասերում, միևնույն է, շատ հեռու էր պարզապես պարսկական նահանգ լինելու իրականությունից։ Բնորոշ է Եղիշեի կարծիքը, որ Իրանում շատ հստակ գիտակցում էին, որ եթե հաջողվի հավատափոխ անել Հայաստանը, ապա դյուրին կլինի դա Վիրքում և Աղվանքում։
439 թ. Հազկերտ Բ-ի իշխանության գալով Սասանյան տերությունը առավել վճռականորեն ու հետևողականորեն ձեռնամուխ եղավ ենթակա երկրներում զրադաշտականությունը տարածելու վաղեմի քաղաքականությանը` մանավանդ քուշանների դեմ տևական պատերազմներում մեծ հաջողությունների հասնելուց հետո։ Նախքան հավատափոխության ուղղակի հրամանը, հատուկ առաքելությամբ Հայաստան ուղարկվեց Դենշապուհը։ Նա անցկացրեց աշխարհագիր, իբր հարկերը հստակեցնելու, որ ավելին չվերցվի, զինական պարհակը պակասեցնելու նպատակով։ Իրականում հարկերն ավելացան, վերցնում էին և շեն, և անշեն տեղերից, ինչպես պատմում է ժամանակակից Եղիշեն, վերցնում էին ոչ թե ինչպես վայել է պետությանը, այլ ավազակաբար հափշտակելով և դեռ զարմանում էին, թե մի երկիր, որտեղից այսքան գանձ է դուրս գալիս, ինչպես է կանգուն մնում։ Դենշապուհը նաև կեղծավոր խոստումներով գրավում էր ուրացողներին, պառակտում և հակառակություն սերմանում նախարարների միջև։ Հազարապետությունից հեռացվեց Վահան Ամատունին, մեծ դատավարությունը վերցվեց Կաթողիկոսից և տրվեց մի մոգպետի, Եկեղեցին նույնպես ճանաչվեց հարկատու։ Պաշտոնում մնաց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, զորքը միևնույն է դուրս էր տարվում Հայաստանից և ավելի հաճախ Իրանի այլ սահմաններում էր, կռիվների մեջ։ Ուշագրավ է, որ պաշտոնում մնաց 441 թվականից Հայաստանի մարզպան Վասակ Սյունին։
Այս ամենից հետո սկսվեցին հավատափոխության ուղղակի պահանջները։ Եղիշեն էլ ժամանակին շատ ճիշտ նկատում է, որ մտածում էին, թե նեղություններին չդիմանալով և անմիաբան լինելով, Հայաստանը տեղի կտա։ Հավատափոխության պարտադրանքները նախ և առաջ իրականացվեցին բանակում։ Քրիստոնյա զորամասերը արգելափակվեցին Իրանի սահմաններում, չէին կարող գնալ արևմուտք` իրենց երկրները, պակասեցվեց նրանց վճարը։ Գործադրվում էին և խոստումներ, և սպառնալիք ու տանջանք, նախարարների հանդեպ` ծաղր ու անպատվություն` մոռացած նրանց բոլոր ծառայությունները Պարսից պետությանը։ Բանակում եղան առաջին նահատակությունները։ Եղիշեն անվանապես հիշում է Գարեգին իշխանին, ում Հազկերտն անձամբ փորձում է համոզել, ասելով, որ անիմաստ ու անտեղի պաշտում են մեկին, ում մարդիկ խաչեցին ու մեռավ։ Հայ նախարարը պատասխանում է նրան հարցնելով, թե ինչո՞ւ է մինչև այդտեղ կարդալ տվել Ավետարանը, եթե շարունակեր, պիտի գիտենար, որ Խաչյալը Հարություն է առել։ Գարեգին իշխանը չի ուրանում իր Փրկչին ու տանջանքներով նահատակվում է։ Հազկերտը դեմ էր առել մի զորության, որի ակունքը իր համար անհասկանալի էր, բայց նա նաև ուշացել էր` հայոց զորաջոկատների հավատավոր հոգին կրթվել էր Սահակ-Մեսրոպյան դպրոցում. ավագ նախարարներն ու սեպուհները, ինչպես նաև զորամասերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականները այդ դպրոցի սաներն էին։ Բանակում ձեռնարկվող այս հալածանքների արդյունքում նահատակվում են նաև Ատոմյան վկաները` Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ հայոց երկու գնդեր, որոնք կարգադրություն ունենալով գնալ Պարսկաստանի խորքերը, չեն ենթարկվում հրամանին և որոշում են դառնալ Հայրենիք` պահպանելով քրիստոնեական հավատը։ Հետապնդվելով պարսից գերակշիռ ուժերից, նահատակվում են` առաջինը Անձևացյաց գավառում, երկրորդը` Ռշտունիքում։
Նախընթաց այս քայլերից հետո 449 թ. հավատափոխության առաջարկով Հազկերտի պաշտոնական հրովարտակն է ուղարկվում Հայաստան, Վիրք և Աղվանք, խիստ զգուշացմամբ, որ մերժման դեպքում նախարարները պիտի ներկայանան պարսից Մեծ Ատյանին։ Պատասխան գրելու համար Հովսեփ Հողոցմեցի Հայրապետի նախագահությամբ ժողով է գումարվում Արտաշատում, որին մասնակցում էին 17 եպիսկոպոս և 18 նախարար, քահանաներ ու վանականներ։ (Ժողովական եպիսկոպոսների անունները պահել են Եղիշեն ու Փարպեցին, նախարարներինը` Փարպեցին)։
Ժողովը մերժեց հավատափոխությունը։ Քանի որ հրովարտակում հավատափոխության առաջարկը մատուցվում էր իբրև պարսից թագավորի մտահոգություն իր հպատակների համար` աստվածների առաջ նրա պատասխանատվության դիրքերից և քրիստոնեությունը բնորոշվում էր սուտ ու անօգուտ, ապա հայոց պատասխան նամակը նախ և առաջ բացատրում էր Հազկերտին քրիստոնեության իսկությունը և պարսից կրոնի սնանկությունը։ Հազկերտին գրում են, որ եթե համաձայնի թողնել իր արքայական բարձրությունը և գա ընկերաբար վիճաբանելու, ապա պիտի համոզվի քրիստոնեության ճշմարտության մեջ։ Այնուհետև հստակ ու որոշ ասում են, որ ոչինչ` ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը, հուրը ու ջուրը և ոչ որևէ այլ դառն հարված իրենց չեն կարող հանել քրիստոնեական հավատից, քանի որ իրենց ուխտը մարդկանց հետ չէ, այլ Աստծո հետ` անլուծելի։ Ժողովականները ուխտեցին կամ ապրել քրիստոնյա, կամ մեռնել քրիստոնյա։
Պատասխան նամակը մեծ զայրույթ առաջ բերեց պարսից արքունիքում։ Պարսից ավագանին ավելի շատ զարմացած էր ոչ թե որ մերժել են, այլ այն համարձակության վրա, որով գրել են մերժման գիրը։ Նրանց համար հասկանալի չէր Քրիստոսին հավատացող, Նրա բերած փրկությանը ապավինած հոգու խոսքը։ Հրաման եղավ նախարարներին ներկայանալ Տիզբոն։ Նրանք կանչվել էին անվանապես` Հայաստանից` 10 նախարար։ Եղիշեն ասում է, նախարարների մի մասը իր մոտ էին` բանակում, ոմանք` հոների սահմաններում և այնտեղից մեկնեցին Տիզբոն, ոմանք էլ, որ Հայաստանում էին, այստեղից։ Կանչվել էին նաև վրաց և աղվանից նախարարները։ Ատյան է գումարվում 450 թ. Ավագ Շաբաթ օրը, և Հազկերտը սպառնալիքներով պահանջում է կատարել հավատափոխության իր հրամանը։ Նախարարները պատասխանում են նրան, հիշեցնելով, որ թե խաղաղ, և թե պատերազմական ժամանակներում չեն թերացել երբեք իրենց պարտականությունների մեջ, որ ունեն պարսից տերության առջև, սակայն հրաժարվում են ուրանալ քրիստոնեությունը։ Հազկերտն կատաղության մեջ ասում է, որ վնաս է համարում նրանց տված հարկերը և նրանց քաջագործությունները, մահվամբ է սպառնում նախարարներին ու նրանց մերձավորներին, սպառնում է նաև ավերել նրանց երկրները։ Նախարարները ժամանակ են խնդրում մտածելու համար։ Տիզբոն գալուց առաջ երեք երկրների նախարարնրը պատգամավորներ էին փոխանակել, ուխտել հավատարիմ մնալ իրենց հավատին, բայց գնալ արքունիք, որպեսզի ապստամբության կասկածի տեղիք չտան, սակայն այստեղ կանգնեցին փաստի առաջ, չհաջողվեց Հազկերտին տարհամոզել։ Նրանք խորհրդակցեցին և որոշեցին առերես ուրանալ, որպեսզի վերադառնան իրենց երկրները։ Մեծ դժվարությամբ կարողացան այդ որոշման մեջ համոզել Վարդան Մամիկոնյանին։
Իմանալով նախարարների որոշման մասին,Հազկերտն անչափ ուրախացավ և պարգևներ տալով վերադարձրեց իրենց երկրները։ Նախարարների հետ գնում էին պարսից մեծաքանակ հեծելազորային ջոկատներ և մոգեր։ Հայաստան էին գալիս 700 մոգեր, առաջադրանք ունենալով մեկ տարվա մեջ հավատափոխ անել ժողովրդին։ Հազկերտը պատանդ պահեց վրաց Աշուշա բդեշխին և հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին։ Նախարարների ուրացությունը արդեն մեծ տրտմություն էր առաջ բերել Տիզբոնի քրիստոնյաների շրջանում, լուրը շատ արագ հասնում է նաև Հայաստան։ Հովսեփ Կաթողիկոսը և հոգևորականները ամեն կողմ կոչում են ժողովրդին չուրանալ հավատը և ընդդիմանալ բռնություններին։ Ազատ և շինական, տղամարդ ու կին, մեծ ու փոքր պատրաստվեցին դիմադրության։ Երկիր մտնելով, նախարարները սկզբում ցրվեցին իրենց տիրույթները, մոգերը` փորձեցին հաստատվել գավառներում։ Առաջին ընդդիմությունը եղավ Ծաղկոտն գավառում, ուր Ղևոնդ Վանանդեցի երեցի գլխավորությամբ բնակիչները քանդեցին ատրուշանը և կոտորեցին մոգերին ու նրանց հետ եղող զինվորներին։ Այնքան ահարկու էր ժողովրդի զայրույթը, որ վախեցած մոգպետը մեղադրում է Վասակ Սյունուն, թե ինչու չէր նախօրոք ասում, որ անհնար է այս երկրում հավատափոխությունը։ Նա մտածում էր գրել այդ մասին Տիզբոն, բայց մարզպանը թույլ չի տալիս, հավատացնելով, որ որոշ ժամանակ է պետք և ինքը դա կհաջողի, միաժամանակ խորհուրդ է տալիս գրել, որ Աղվանքից դեպի Հայաստան շարժվի 10 000 զորքը, ինքն էլ սյունաց ուժերը բերում է մոգերին օգնելու։ Վերադարձած նախարարներն անմիջապես չբացահայտեցին իրենց կեղծ ուրացությունը, քանի որ դա արդեն ապստամբություն էր, որը կդրսևորվեր ավելի շուտ, քան իրենք կհամախմբվեին և դաշնակիցներ կփնտրեին։ Իրավացիորեն անհանգստանում էին նաև իրականում ուրացողներից, ներքին դավաճանությունից, քանի որ մարզպանը արքունիքից բերած գումարներով գաղտնի կողմնակիցներ էր հավաքում։ Կարճատև այս անորոշության շրջանում, երբ հայտնի չէր, թե ուխտապահ ուժերը կհաջողեն համախմբվել, Վարդան սպարապետը որոշում է իր ընտանիքով հեռանալ Բյուզանդական Հայաստան։ Այս մասին տեղեկանալով, մի քանի ուխտապահ տանուտեր իշխաններ և մարզպանը գրություն են ուղղում նրան, վստահեցնելով հավատին ու պայքարի ուխտին իրենց հավատարմությունը։ Եթե մյուս նախարարները անկեղծ էին, ապա մարզպանը երկդիմի ընթացքի մեջ էր, առայժմ չհամարձակվելով բացահայտ գործել ի նպաստ ուրացության, գուցե նաև անհանգստացած, որ սպարապետին կհետևեն ուրիշ շատերը, երկիրը կդատարկվի, ինչը նույնպես չի գոհացնի պարսից արքունիքին։ Ընդդիմությունը կազմակերպելու համար Վարդան սպարապետի մոտ հավաքվում է նախարարների ու հոգևորականների ժողով, որի մասին մարզպանը տեղեկանում է դավաճանի միջոցով։ Սակայն ուխտապահ գունդը, որի մեջ էին նշանավոր շատ նախարարներ, ուժ էր ներկայացնում, և երբ մտնում են մարզպանի մոտ, Վասակը նրանց հավաստիացնում է իր հավատարմության մասին և երդվում Ավետարանի վրա։ Նրան ընդունում են, չնայած չէին հավատում, ինչպես ասում են Եղիշեն և Փարպեցին։
Հայ Եկեղեցու օրհնությամբ Հայաստանում սկսվեց հավատի համար պատերազմը, որ միաժամանակ պատերզմ էր հանուն Հայրենիքի և հայրենյաց ժառանգության։ Ապստամբները քանդեցին ատրուշանները, կոտորեցին ու քշեցին պարսիկ մոգերին ու զորաջոկատները։ Այդ ժամանակ Աղվանքից պատգամավորներ եկան և տեղեկացնելով որ պարսկական զորքը հյուսիսից մտնում է երկիր, օգնություն խնդրեցին հայերից։ Մարզպանի առաջարկով որոշում են գնալ Աղվանքին օգնության։ Վարդան Մամիկոնյանը համաձայնում է, բայց առաջարկում է օգնության խնդրանքով դիմել հոներին և Բյուզանդական կայսերը։ Նամակներ ուղղվեցին կայսերը, Անտիոքի զորավարին, բյուզանդական մասում գտնվող Հայաստանի հայ նախարարներին։ 450 թ. մահանում է Թեոդոս Բ կայսրը, և նոր Մարկիանոս կայսրը հրաժարվում է օգնել հայերին։ Օգնություն չեն ստանում նաև բյուզանդական հայ նախարարներից, քանի որ շուտով, օգտվելով Վարդանի բացակայությունից, Վասակ Սյունին նամակներ է գրում, տեղկացնելով, թե Հազկերտը հրաժարվում է հավատափոխության պահանջից և ներում է շնորհում ապստամբներին։
Վարդան Մամիկոնյանը իրենց ուժերը բաժանում է երեք մասի, մեկը իր առաջնորդությամբ գնում է Աղվանք, մյուսը` Վասակի ենթակայության ներքո մնում է Այրարատում, երրորդը` Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ գնում է հարավ-արևելք` պահելու համար Ատրպատականի հետ սահմանը։ Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը աղվանների հետ ջարդում է պարսկական բանակը, չնայած որ պասիկները Վասակից տեղեկացվել էին հայոց ուժերի ու զորաշարժի մասին։ Հաղթանակից հետո աղվանից Վահան իշխանին իբրև պատգամավոր ուղարկում են հոների մոտ` պարսից դեմ դաշինքը հաջողելու։ Ոգևորված և հուսալի այս վիճակում լուր են առնում գուժկանի միջոցով, որ Վասակը դիմել է բացահայտ դավաճանական քայլերի։ Նա, հավաքելով իր կողմնակիցներին, երկրի բերդերում տեղավորում էր իրենց հավատարիմ ուժերը, քանդել էր արքունի ձմեռոցները, ուխտապահների ուժերի ու գործողությունների մասին լուրեր էր տալիս Փայտակարանում գտնվող հազարապետ Միհրներսեհին, հավատացնում էր բոլորին, որ Հազկերտը հրաժարվել է իր ծրագրից և ներման գիր է տվել ապստամբության մասնակիցներին։ Հազկերտն, իրոք մի պահ զղջացել էր Միջին Ասիայում պարտություն կրելով քուշաններից, բայց պատվիրակություն ուղարկելով Մարկիանոսի մոտ և համոզվելով, որ նա ապստամբներին չի օգնի, նոր եռանդով մղվեց հավատափոխության պարտադրանքի իրականացմանը։ Միհրներսեհը խոստանում էր Վասակին հայոց թագը, եթե հաջողի ուրացությունը երկրում։ Վասակը շատ անհեռատես պիտի լիներ, եթե հավատում էր, որ Սասանյան Իրանը կվերականգնի հայոց թագավորությունը։ Մի՞թե դրա համար էին այդքան մեծ ջանքեր թափում պարտադրելու զրադաշտականությունը։
Երբ Վարդանի զորաբանակը վերադառնում է երկիր, Վասակը փախչում է Այրարատից և ամրանում Սյունիքում։ Քանի որ ձմռոցներն ավերված էին, Վարդան Մամիկոնյանը կարգադրում է, որ նախարարների զորամասերը ցրվեն իրենց գավառները և նորից հավաքվեն գարնանը։ 451 թ. գարնանը պարսկական մեծաքանակ բանակը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան Ատրպատականի կողմից և առաջանում մինչև Արտազ գավառը Վասպուրականում։ Հայոց բանակը Վարդանի գլխավորությամբ` թվով 66.000 աշխարհազորի հետ, թշնամուն հանդիպում է Տղմուտ գետի ափին, Շավարշան դաշտում, Ավարայր գյուղի մոտ։ Մարտի էին պատրաստվում մարդկային օգնությունից հույսները կտրած և միայն Աստծուն ապավինած ու իրենց բազկին։ Ճակատամարտից առաջ հայոց զորքին դիմում է Վարդան Մամիկոնյանը։ Նա հիշեցնում է, որ իրենք հաճախ են կռվել մարմնավոր տերերի համար, իսկ այս անգամ պիտի կռվեն Երկնային Տիրոջ համար։ «Արդ, աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձանից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով` ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ ու զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը և ճշմարտության կողմը բարձրանա, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիությանը վատություն չխառնենք»։ Բնորոշ է Վարդանի միտքը, որ «Նա, ով կարծում էր, թե քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, արդ, չի կարողանում փոխել, ինչպես մաշկի գույնը»։ Իրավունք առնելով Կաթողիկոսից ու եպիսկոպոսներից, հայոց զորքին դիմում է նաև Ղևոնդ երեցը, հիշեցնելով Քրիստոսի փրկության շնորհը մարդկանց, նահապետների, առաքյալների ու սուրբ նահատակների հավատարմությունը Տիրոջը և կոչելով ամուր մնալ այդ հավատարմության մեջ։ Նա նշում է, որ սովորաբար հոգևորականները օրհնելով բանակը, մարտի ժամանակ մնում էին ապահով տեղում, բայց այս անգամ կռվի են ելել բոլորի հետ։ Մարտին նախորդող գիշերը սեղան են կանգնեցնում, պատարագ մատուցում, մկրտում դեռևս չմկրտվածներին, հաղորդվում բոլորը, ընթերցում Մակաբայեցվոց գրքերը։ Մայիսի 26-ին, օրը` շաբաթ, տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը։ Այն կատաղի էր և արյունահեղ։ Ինչպես բնորոշում է Եղիշեն, ոչ մեկ կողմը հաղթեց և ոչ մյուս կողմը պարտություն կրեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմ էլ պարտվեցին։ Մարտն ավարտվեց, երբ մթնեց։ Չնայած շատերը ուզում էին հաջորդ օրը մարտը շարունակել, բայց հրաժարվեցին` հաշվելով զոհերին։ Հայոց կողմից զոհվել էին 1036 հոգի, որոնց շարքում` Վարդան Մամիկոնյանը։ Հայկական ուժերը ամրացան ամրոցներում, Արցախի, Տմորիքի, Տայքի լեռներում և շարունակեցին պայքարը։ Տայքում մղված մարտերում զոհվեց նաև Հմայակ Մամիկոնյանը` Վարդանի եղբայրը։ Պարսկական զորքերը հանդիպում էին ժողովրդի դիմադրությանը, մարդիկ թողնելով բնակավայրերը, հեռանում էին լեռները։ Երկիրն ավերվեց ու ամայացավ։ Քիչ ուշացած` հոների զորքերն էլ Անդրկովկասի ուղղությամբ ներխուժեցին պարսից սահմանները։ Պարսից ուժերը անհաջողություններ էին կրում նաև Միջին Ասիայի սահմաններում։ Այս ամենը ստիպեց Հազկերտին փոխել քաղաքականությունը։ Նա ոչ միայն զրկվել էր հայ քաջ զորամասերի աջակցությունից քուշանների դեմ մարտերում, այլև` այն հարուստ հարկերից, որ գալիս էր Հայաստանից։ Հայաստանում ձերբակալելով ապստամբությունը քաջալերած ու նրան մասնակցած 37 նախարարների և 9 հոգևորականների, պարսից պետությունը, այնուամենայնիվ հաշտության ճանապարհ էր փնտրում և նախ ստիպված եղավ թույլատրել քրիստոնեության դավանումը։ Նոր նշանակված մարզպան Ատրորմիզդը եկավ խաղաղությամբ, զիջեց այս ընթացքում չվճարված հարկերը, կոչեց բնակչությանը առանց վախենալու վերադառնալ իրենց բնակավայրերը և տեր դառնալ իրենց ունեցվածքին, բռնի հավատափոխ եղածները ազատ էին նորից քրիստոնեությանը դառնալու։ Հավատի պատերազմն ավարտվեց հայոց հաղթանակով։

 

N զորամասի գնդերեց
Արմեն սարկավագ Բայադյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This