Հուդայի պատգամը

Ոք ի ձէնջ մատնելոց է զիս:
Ձեզնից մեկն ինձ մատնելու է:
(Մատթ. 26:21)

Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ (Մատթ. 26:21): Այս խոսքերը իմ՝ Հուդայիս մասին են, մարդ, որ կոչվեց ընտրյալ լինելու, բայց դարձավ դավաճանության խորհրդանիշ բոլոր սերունդների համար: Եվ երանի թե այն ժամանակ կարողանայի գիտակցել այդ: Ցավոք չկարողացա ու դարձա օրինակ, նախադեպ, որ գոնե դուք, ինձ հիշելով, չսխալվեք:
Գիտեք, որ աստվածաշնչյան պատմության առաջին մարդասպանը՝ Կայենը, երբ արդեն մտածում էր իր եղբորը՝ Աբելին սպանելու մասին, Աստված նրան ասաց. «Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7): Ինչո՞ւ ես չփորձեցի հաղթահարել, ազատվել մեղքի բեռից: Ավետարանում գրված է, որ «սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ (Ղուկ. 22:3):Նաև այն մասին, որ Քրիստոս պետք է մատնվի, նրան պետք է ուրանան. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26:21): «Եվ մարդու Որդին այս աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի» (Ղուկ. 22:21-22): Փաստ է, որ Պետրոսն էլ էր դավաճանել Քրիստոսին՝ ուրանալով նրան (Մարկ. 14:66-72): Բայց նա զղջաց այդ արարքի համար ու դառնապես լաց եղավ: Ինձ մոտ էլ առաջացավ զղջում և ես երեսուն արծաթները ետ դարձրի և … ավետարանիչը պատմում է. «…արծաթ դրամները նետեց տաճարի մեջ ու գնաց ինքն իրեն կախեց» (Մատթ. 27:5): Ինչո՞ւ: Իսկ ինչո՞ւ Պետրոսն ինքնասպան չեղավ: Պետրոսի կյանքում հայտնվել էր Քրիստոս կյանքը. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին» (Մատթ. 16:16): Իսկ ես… Առաջին հայացքից երկուսս էլ ուրացանք, բայց Պետրոսը կանգնած էր Քրիստոսի կողքին, իսկ ես անցել էի հակառակ կողմ: Պետրոսը սխալվեց, սայթաքեց, բայց կանգնեց և մնաց հավատարիմ: Ինձ սկսեց տանջել իմ խղճմտանքը, այդքան ժամանակ Քրիստոսի կողքին էի, բայց… Հստակ է, որ երբ Աստծո խոսքը հայտնվում է մարդու մեջ, նա տեսնում է իր վիճակը: Պետրոսը տեսավ և Աստծո խոսքը ապրեցրեց նրան:
Այո՛, ես Հուդան եմ, այն տասներկուսից մեկը, ով ստորաբար դավաճանել է իր ուսուցչին: Ես այն Հուդան եմ, ում աչքերը կուրացել էին արծաթի փայլից, այն էլ երեսուն արծաթի: Քիչ էր դավաճանեցի, ինքնասպան էլ եղա՝ այդ կերպ մերժելով Աստծուն, կատարելով աններելին՝ մի հուսահատ ու վախկոտ արարք: Ո՞վ էր ինձ պարտադրել: Իհարկե ոչ ոք. դա ես ընտրեցի:
Սիրելի՛ ընկեր, քո կյանքում շատ մեղքեր ես գործել, գիտեմ, ու դեռ շարունակում ես գործել, շատ դժվարություններ ես տեսել ու դեռ կտեսնես, բայց լավ հիշիր, որ ինչ մեղք էլ, ինչ անօրենություն էլ գործած լինես, կա ներում: Զղջա՛, ապաշխարի՛ր. ինչ դժվարություն էլ լինի՝ դա դեռ վերջը չէ, կա ելք, կա հույս, ապագա: Ես էլ կարծես զղջացի, որովհետև արծաթները ետ տարա, բայց չգնացի Հիսուսի մոտ, չընկա նրա ոտքերը, Նա ինձ կներեր, վստահ եմ: Եթե ես դառնայի Նրան… Եթե հիմա դու դառնաս Նրան, Նա պիտի դառնա ու գթա քեզ, պիտի թաղի քո մեղքերը և ծովի խորքը պիտի նետի քո բոլոր անօրենությունները (Միք. 7:19):
Գործե՞լ ես անօրենություն, սխալ բանե՞ր ես արել: «Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որպեսզի արդարացվես» (Ես. 43:26): «Քո նեղության օրը կանչիր ինձ, ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ» (Սաղմ. 49:15): Քրիստոսի սերը հավիտյան է, իսկ այդ սերը ներող է: Նա գիտեր ամեն ինչ. ճանաչելով ինձ, որպես մատնողի, սիրեց, նույնիսկ որպես աշակերտ ընտրեց, ուղարկեց դևեր հանելու, գանձանակն էլ ինձ էր վստահել…
Ես գող էի: «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմ. 6:9-10): Խոսքը իմ մասին է. ես փողասեր էի, այն ինձ կործանման տարավ, մոլորվեցի հավատից, երես թեքեցի Քրիստոսից: Հին թշնամին, այսինքն՝ սատանան, լպրծուն է, և եթե գլուխը չբռնվի, շուտով ամբողջությամբ կսողոսկի (Սբ. Գրիգոր Աստվածաբան): Ես իմ ապրած կյանքում չբռնեցի նրա գլուխը: Գանձանակն ինձ էր վստահված, բայց ես վստահելի չէի:
Խնդրում եմ քեզ, արթուն եղիր և աղոթք արա, որ փորձության մեջ չընկնես, միտքդ թող միշտ Աստծո հետ լինի, բարին գործիր և չարը կփախչի քեզնից: Ես մեղավոր էի, մեղք էի գործել, և իմ խղճմտանքը տանջում էր ինձ: Գուցե հիմա նման իրավիճակում ես դու, կամ գուցե լինես… Ես մոռացել էի, բայց դու երբեք մի մոռացիր, որ Քրիստոս արդարներին կանչելու չէր եկել, այլ մեղավորներին (Մատթ. 9:13), այսինքն՝ ինձ ու քեզ, և պատկերացրու՝ ինչ ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ (Ղուկ. 15:7): Լավ կլինի չմեղանչես, իսկ եթե մեղանչել ես, իմացիր, որ Աստծո առաջ բարեխոս ունես Հիսուս Քրիստոսին, Արդարին և Անարատին և Նա է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր, այլև՝ ամբողջ աշխարհի (Ա Հովհ. 2:1-2):
Մի պահ մտածիր, թե ինչքանով հավատարիմ կլինես Աստծուն՝ իմանալով, որ Նա իր սիրելի Որդուն զոհեց մեզ համար: Այսօր էլ դուք եք Քրիստոսի աշակերտները, թող ձեր մեջ Հուդաներ չլինեն: Նա եկել է, որ մենք կյանք ունենանք և ավելին… Նա միշտ մեր կողքին է, մի՛ մոռացիր և պատրաստ է ընդունելու մեզ, ինչ էլ որ արած լինենք: Դարեր անց Ֆ. Դոստոևսկին պիտի ասեր. «Պահի՛ր Քրիստոսին, և Նա կպահպանի քեզ»:

N զորամասի գնդերեց
Մարտուն սարկավագ Շահվերդյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest