ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՔ ՆՈՐ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՇԱՐՔԵՐՈՒՄ

ՀՀ ԶՈՒ N զորամասում զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի և հրամկազմի համատեղ ջանքերով համաձայն ազգային-եկեղեցական տոնացույցի հանդիսավորությամբ նշվեց Ս. Վարդանանց նահատակ քաջամարտիկ զորավարների և 1036 վկաների տոնը, ովքեր արդեն 1566 տարի է, ինչ հայ ժողովրդի գոյության ուժն են ու գաղափարը, օրինակն են նվիրման ու Քրիստոնեական հավատի։ Հանդիսության կազմակերպմանն իր մեծ նպաստն էր բերել «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանը։
Հանդիսությանը հյուրընկալվել էին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ՝ գերաշնորհ  Տ․ Վրթանես եպսիսկոպոս Աբրահամյանը, կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը և այլք։ Տոնի մասին ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ 5-րդ Բանակային զորամիավորման ավագ գնդերեց՝ Արժանապատիվ Տեր Ենովք քահանա Եսայանը։
Հանդիսությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեցին հայկական ազգային նվագակցություն, երգ ու պար, Ս. Վարդանանց հաղթանակած օրվա խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգեր։
Զինվորների օրը տոն դարձնելու համար հյուրընկալվել էին նաև «Նարեկացի» արվեստի միության ՆԱՐԵԿԱՑԻ ժողովրդական գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր, «Պարահայությունը» ազգային-ավանդական պարերով, անհատ երգիչ-երգչուհիներ և կատարողներ: Քաջարի վարդանանց այս տոնի առթիվ Գառնիից Բաղդասարյան Աստղիկը, Գրիգոր Գասպարյանը և այլք շնորհավորելու էին եկել հայրենասիրական ռազմի երգերով և նվագով չավարտվող ավարայրի նոր քաջերին։
Վարդանանք․ այս անունով են ճանաչվում բոլոր այն նահատակները, ովքեր իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451թ․՝ հանուն հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեության։ Հաճախ ենթադրվում է, թե քրիստոնեությունը  ստրկության ուսմունք է։ Մինչդեռ տասնյակ դարեր առաջ Վարդանանք ապացուցեցին, որ Քրիստոնեությունը սխրանքի, ազատության և հավերժության կենսակերպ է։ Ավարայրը քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ու միակ ռազմական բախումն էր, ուր լույսի ու խավարի, կյանքի ու մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ու ստրկացման իրարամերժ գաղափարներն էին բախվում, ուր փաստվում էր մեկ անգամ ևս Հիսուս Քրիստոսի՝ մեռնելով ապրելու և ապրեցնելու պատգամը։
Հայ ժողովուրդն իր Հայ Եկեղեցու առաջնորդությամբ երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին՝ Վարդան զորավարի գլխավորությամբ։ Ցավոք սրտի պատմությունը չի պահել նրանց անունները։ Հայտնի են միայն 9 զորականների անուններ․

1․ Քաջ Վարդան  Մամիկոնյան՝ 133 համհարզներով
2․ Կորովի Խորեն Խոռխոռունի՝ 19 ընկերներով
3․ Արի Արտակ Պալունի՝ 57 ընկերներով
4․ Զարմանալի Տաճատ Գնթունի՝ 19 ընկերներով
5․ Իմաստուն Հմայակ Դիմաքսյան՝ 22 ընկերներով
6․ Հրաշակերտ Ներսես Քաջբերունի՝ 7 ընկերներով
7․ Մանուկ Վահան Գնունի՝ 3 ընկերներով
8․ Արդար Արսեն Ընծայունի՝ 7 ընկերներով
9․ Առաջադեմ Գարեգին Սրվանձտյան՝ 2 եղբայրներով և 18 ընկերներով։

Վարդանանց հերոսներից անբաժանելի են նաև Ղևոնդյանք, ովքեր Վարդանանց պատերազմի ներշնչող և մասնակից այն հոգևորականներն են, որոնք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Ղևոնդյանք լինելով հայկական զորախմբերի հոգևորականները՝ գնդերեցները, «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտից հետո Ատրոմիզդ մարզպանի դրդմամբ Հազկերտ Բ-ի հրամանաով ձերբակալվում են՝ Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը։ Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը՝ իրենց կյանքը փրկելու համար։ Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը։
Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն և Խորեն երեցների, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները:
454թ․ քուշանների դեմ մղված մարտերում պարսիկները պարտություն են կրում։ Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին։ Պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները, միայն Աբրահամ և Խորեն երեցներն աքսորվում են։ Խորենը աքսորի դժվարություններից մահանում է, իսկ Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս։ Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը։
Մեր եկեղեցին և ժողովուրդը նրանց դասել է սրբերի շարքը. նրանք մնացին հավատարիմ իրենց հավատին ու հայրենիքին` անգամ անասելի տանջանքներից հետո և «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ընդունեցին նահատակութեան պսակը:
Հանդիսության ավարտին ներկաներին շնորհավորեց նաև զորամասի գնդերեց Նարեկ Սարկավագ Պետրոսյանը։
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր քաջերի այս անուններն են կրում՝ անվանակոչության առթիվ։

ՀՀ ԶՈՒ N զորամասի գնդերեց
Նարեկ Սարկավագ Պետրոսյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest