ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ 28-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Վրթանես եպս. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը 2017թ. հունվարի 30-ից փետրվարի 3-ը մասնակցեց Հյուսիսատլանտյան Ռազմական Դաշինքի (NATO) անդամ և համագործակցող երկրների «Զինված Ուժերի հոգևոր առաջնորդների միջազգային 28-րդ համաժողովին»: Այս տարի այն խորագրված էր «ԿՐՈՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Գնդերեցների դերն ու գործառույթները»:
Համաժողովն անցկացվում էր Մեծ Բրիտանիայի Փորթսմութ քաղաքում, որ Միացյալ Թագավորության ռազմածովային կարևորագույն հենակետերից մեկն է: Համաժողովին Հայաստանի հետ մասնակցում էին Զինված Ուժերի հոգևոր առաջնորդներ ու ներկայացուցիչներ երեք տասնյակ երկրներից (ԱՄՆ, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Խորվաթիա, Կանադա, Կիպրոս, Հունաստան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա):
Համաժողովը նախագահում էր ՀԱՌԴ-ի (NATO) ԱՄՆ-ի եվրոպական բանակային հոգևոր սպասավորների առաջնորդ David L. Carr-ը:
Զեկուցողները ցավով նշում էին, որ այլևս ոչ թե քրիստոնեությունն է բնորոշում Արևմուտքը, արևմտյան արժեքները, այլ աշխարհիկությունն ու աշխարհականացումը: Ժամանակակից աշխարհն այսօր նույնքան կրոնական ու կրոնասեր չէ, որքան բազմակարծիք ու հանդուրժողական: Զինված ուժերի հոգևոր սպասավորներն էլ ստիպված են գործել ահա այսպիսի միջավայրում:
Նիստերի ընթացքում, գործնական հանդիպումներով ու առանձնազրույցներով քննարկվում էին տարբեր երկրների Հոգևոր առաջնորդությունների համագործակցության և համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավորությունը:
Համաժողովականներն այցելեցին Վինձորի ամրոց, որ արքայական աշխատանքային պալատն է, և մասնավոր ընդունելության արժանացան Նորին արքայական բարձրություն Լորնվոլի դքսուհի Կամիլլայի` արքայազն Չարլզի տիկնոջ կողմից, ով ի պաշտոնե ղեկավարում է Մեծ Բրիտանիայի բանակային հոգևոր ծառայությունը:
Փակման հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Բրիտանական նավատորմի փառքը հանդիսացող և ծովակալ Նելսոնի հաղթանակների ու մահվան վկա Վիկտորիա նավի վրա, իսկ պաշտոնականը` Մերի Ռոուզ կենտրոնում, որը ռազմածովային թանգարան է` կառուցված Հենրի 8-րդ թագավորի նույնանուն փառապանծ նավի պատվին: Այն խորտակվել է 16-րդ դարում, չորս դար անց հայտնաբերվել, դուրս բերվել մոռացության տիղմի տակից և վերակառուցվել թանգարանի հսկայական սրահում:
Համաժողովի ավարտից հետո հայաստանյան պատվիրակությունը մեկնեց Լոնդոն` իրականացնելու կարևոր մի առաքելություն: ՀՀ Պաշտպանության նախարարի` հոգևորականներին խրախուսելու մասին հրամանով «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով էր պարգևատրվել նաև Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպս. Մանուկյանը: Հավարտ Լոնդոնի Ս. Եղիշե եկեղեցում ավագ գնդերեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի ձեռամբ մատուցված Ս. Պատարագի, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանը եկեղեցու ծխական խորհրդի անդամների և մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ թեմակալ առաջնորդին փոխանցեց նախարարի պարգևը` իբրև գնահատական հայոց բանակի զորացման գործում Սրբազան հոր ավանդի: Մեր բանակի 25 ամյակի առիթով մատուցված Ս. Պատարագին ներկա էր նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանորդ Արմեն Լիլոյանը, ով ևս ներկաներին շնորհավորեց հոբելյանի, իսկ Հովակիմ Սրբազանին` բարձր պարգևի արժանանալու առիթով:
Սրբազան արարողակարգի ավարտին եկեղեցուն կից սրահում տեղի ունեցավ ընդունելություն:
Փետրվարի 6-ին հայաստանյան պատվիրակությունը վերադարձավ Երևան:

 

Շիրակի կայազորի հոգևոր պատասխանատու
ավագ գնդերեց Հակոբ քհն Գրիգորյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest