Չի բացառվում, որ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի այցը Կանադա նոր նախաձեռնությունների սկիզբ դառնա. Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի հարցազրույցը

Տորոնտո (Նորանոր) — ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդն առաջին անգամ Կանադայի Զինված ուժերի և նրանց հոգևոր առաջնորդի պաշտոնական հյուրն է: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մարտի 2-10-ն այս երկրում տարբեր հանդիպումներ կունենա ինչպես կանադական, այնպես էլ կանադահայ հոգևորականների, պաշտոնյաների ու տորոնտոհայերի հետ:

Վրթանես Սրբազանի այցելության գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ՝ Կանադայի եկեղեցիների խորհրդի ժողովի ժամանակ: Այնտեղ գտնվող կանադական ԶՈՒ հոգևոր առաջնորդ, ավագ գնդապետ Գայ Չեփդելիենի հետ հանդիպման ժամանակ է միտք հղացել, որն իրականություն է դարձել Կանադահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ջանքերով ու Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի աջակցությամբ:

Կանադայի եկեղեցիների խորհրդի պատասխանատու անդամ է նաև Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, ով ներկա է գտնվել նշված խորհրդաժողովին, իսկ այսօր Սրբազան հոր այցելության օրակարգի, հանդիպումների ու այցի կարևորության մասին հարցազրույց է տվել Noranor.ca կայքին: 

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակն ու հոգևոր առաջնորդության 20-ամյակը լավագույն առիթներն են նման հանդիպումների կայացման համար: Հոգևոր առաջնորդությունը կանադական զինուժի հոգևոր դաստիարակության ավանդույթներին ծանոթանալու լավ փորձ ձեռք կբերի, իսկ տորոնտոհայերի հետ հանդիպման ժամանակ կանադահայ համայնքը Հայոց բանակի մասին հարուստ տեղեկատվություն ստանալու առիթ կունենա:

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՈԳԵՎՈՐ ՓՈՐՁԸ

Կանադական բանակը, որը կազմակերպված հոգևոր սպասարկում է իրականացնում զինված ուժերում, կարող է արդյունավետորեն իր հարուստ փորձը փոխանցել նաև հայկական բանակին:

«Իր սպասարկման մեջ կանադական բանակը ներառում է ոչ միայն զինվորների առողջ հոգևոր պատրաստությունը, այլև նպաստում է, որպեսզի զինվորներն ամուր կեցվածք ունենան հատկապես այն բոլոր դժվարությունների և խանգարումների դեմ, որ հաճախ առաջանում են, երբ այս կամ այն մարտական գործողությունն է կատարում»,– կանադական բանակի հոգևոր դաստիարակությունից օրինակ է բերում Տեր Զարեհ Զարգարյանը՝ խոսելով նաև մարտական գործողություններից հետո զինվորի հանդեպ ցուցաբերվելիք հոգևոր ծառայությունների մասին, որոնք ևս պատշաճորեն կատարվում են:

Հայոց բանակի հոգևոր ներկայացուցչությունը ևս խստապահանջ է հայ զինվորի հոգևոր դաստիարակության հարցում, բայց նաև ուսանելի հետևություններ կարող է անել կանադական ԶՈՒ փորձից:

Մեր բանակի հոգևոր առաջնորդությունը, կարելի է ասել, ոչնչից կազմավորվեց, և այսօր մոտ 50, եթե ոչ ավելի, եկեղեցականներ կան բանակի մեջ

«Ուրախ եմ, որ Հայոց բանակում այդ աշխատանքը 20 տարիներ ի վեր ծնունդ է առել: Մեր բանակի հոգևոր առաջնորդությունը, կարելի է ասել, ոչնչից կազմավորվեց և այսօր մոտ 50, եթե ոչ ավելի, եկեղեցականներ կան բանակի մեջ: Հոգևորականի ներկայությունը չափից ավելի կարևոր է նախ հոգևոր իմաստով, հետո մեծ նշանակություն ունի ուժի, ապահովության, հույսի երաշխիք զինվորին ներշնչելու համար»,– ասում է Կանադահայոց թեմի փոխառաջնորդը:

Մարտի 5-ին Օտտավայում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ և Կանադահայոց թեմի հոգևոր առաջնորդների հանդիպումը Կանադայի հոգևոր դասի պատասխանատու կարևոր անձանց հետ, այնուհետև Օնտարիոյի ռազմական  ակադեմիաներից մեկում կշարունակվի հանդիպումների շարքը: Սրանք թերևս օգտակար լինեն հայոց բանակի համար և հետագա նոր փոխհարաբերությունների ծնունդ հանդիսանան, ակնկալում է Տեր Զարեհ Զարգարյանը:

ԶԳԱՑԱԿԱՆԻՑ ԱՆՑՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ

Իսկ Տորոնտոյում հանդիպում տեղի կունենա հայ համայնքի հետ, որն առավել ճանաչողական բնույթ կկրի: Ժամանակն է հայրենիքի հանդեպ Սփյուռքի զգացական վերաբերմունքը գործնականի փոխելու, իսկ սպասվող հանդիպումը հնարավորություններից մեկն է:

«Այս շփումը տեղեկատվական է՝ իրավիճակին, մարտահրավերներին, բանակի և հատկապես զինվորների հոգևոր պատրաստվածությանը տեղեկանալու: Այդ շփումների շնորհիվ մարդիկ ուղղակի աղբյուրից են տեղեկանում, առավել ևս ներգրավվում են կարևոր շարժման մեջ, իսկ մեզ համար պարզ է՝ մեր հայրենիքի ապահովության ողնաշարը Հայոց բանակն է»,– նշում է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը:

Իսկ արդյոք սա նաև առիթ կլինի՞ դեպի Արցախ ու բանակաշինություն ուղղվող բարեգործական նոր ծրագրերի մեկնարկի, թե՞ հոգևորականի այցելությունը նման բովանդակություն չի պարունակում: Տեր Զարեհ Զարգարյանը խոսում է Արցախի զարգացման գործում Կանադայի ու առավել ևս Տորոնտոյի մեծ ներդրման մասին, անդրադառնում հատկապես Համահայկական հիմնադրամի միջոցով կատարված աշխատանքներին, իսկ այս հավաքը, չի բացառում, որ նաև նման գաղափարների առիթ լինի:

Որքան որ զինվորի զինված լինելն է կարևոր , նույնքան էլ՝ հավատքով զինված լինելը

«Ընթացքին նաև Սրբազանը կարող է որոշ ծրագրեր ներկայացնել, որոնք առիթ կարող են լինել անձանց կամ կազմակերպություններին, որոնք ուզում են հավաքաբար նպաստել Հայոց բանակի հզորացման առաքելությանը: Բնական կերպով զինվորների հոգևոր խնամքի հետ առնչվող ծրագրերն է, որ պիտի ներկայացնի, ինչը չափից ավելի կարևոր է: Որքան որ զինվորի զինված լինելն է կարևոր, նույնքան էլ՝ հավատքով զինված լինելը»,– կարծում է կանադահայ հոգևորականը, ով հայոց բանակի Սրբազան առաջնորդին ու հոգևորականներին մաղթում է խաղաղություն, իսկ Հայոց բանակին՝ առանց զինվորի կորստյան ծառայություն:

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Նյութի աղբյուրը noranor.ca

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

One thought on “Չի բացառվում, որ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի այցը Կանադա նոր նախաձեռնությունների սկիզբ դառնա. Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի հարցազրույցը

Comments are closed.

X

Pin It on Pinterest

X
Share This