ՄԵԾ ՊԱՀՔԻ ԵՐՐՈՐԴ` ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻՆ ՈՐՊԵՍ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ ԴԱՐՁԻ, ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՔԱՋ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Սիրելի Զինվոր եղբայրներ,

Ահա արդեն հասել ենք Մեծ Պահքի Երրորդ Կիրակիին, որը մեր եկեղեցու հայրերն անվանել են Անառակի Կիրակի: Այն ապաշխարության և դեպի Աստված դարձի խորհուրդն ունի, այսինքն` ցույց է տալիս մեղավոր մարդու` անկյալ վիճակից դեպի Աստված վերադարձի ճանապարհըԱնառակ որդու այս կիրակին իր անունը վերցրել օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից (Ղուկ. ԺԵ 11-32): Ղուկասի Ավետարանից վերցված Անառակ որդու  հայտնի առակը Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից մեկն է, որն ըստ էության, իր մեջ խտացրած բովանդակում է Ավետարանի հիմնական ուսուցումները, ինչի պատճառով Անառակ որդու առակը հաճախ անվանում են «Ավետարան Ավետարանի մեջ»:

Քրիստոս Անառակ որդու առակը պատմեց մարդկանց, երբ օրենսգետները վրդովվում էին ու դժգոհում, թե Նա ընդունում է մեղավորներին և նրանց հետ սեղան նստում: Եվ Հիսուս պատմեց Անառակ որդու առակը. մի մարդ երկու որդի ուներ, ու նրանցից կրտսերը, պահանջելով հորից իր հասանելիք ժառանգությունը, փողի վերածեց այն, հեռացավ տնից և ապրեց ցոփ ու շվայտ կյանքով: Վատնելով ու կորցնելով ունեցածը` չարքաշ ծառայության մտավ մեկի մոտ և մի օր, երբ նեղության մեջ զղջաց իր արարքների համար, որոշեց վերադառնալ տուն և ներում հայցել հորից ու նրան ծառայել, քանի որ իրեն արժանի չէր համարում նրա որդին կոչվելու: Բայց հայրը, տեսնելով նրա դարձը, ինքն ընդառաջ դուրս եկավ, գրկեց որդուն, ծառաներին հրամայեց նոր զգեստներ ու կոշիկներ հագցնել նրան, մատանի դնել նրա մատին ու պատվել, պարարտ եզ մորթել և ուրախանալ: Սակայն ագարակից վերադարձող ավագ որդին իմանալով այս ամենի մասին, դժգոհեց իր հորը, որ ինքը տարիներ շարունակ հնազանդ է եղել ու ծառայել նրան, բայց ոչ մի անգամ իր համար նման ուրախություն չի կազմակերպվել: Եվ հայրը պատասխանում է. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. ԺԵ 31-32):

Ըստ Եկեղեցու հայրերի` Մեծ Պահքի գլխավոր նպատակը, մինչևիսկ «գոյության պատճառը» Անառակի Կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Անառակ որդու առակը պատահական չէ, որ հիշատակվում է Մեծ Պահքի ընթացքին: Եթե մենք Մեծ Պահքի առաջին կիրակիի` Բուն Բարեկենդանի խորհրդով հիշում ենք դրախտային երջանիկ կյանքը, իսկ երկրորդ` Արտաքսման կիրակիի խորհրդով հիշում դրախտից արտաքսումը, ապա Անառակ որդու օրինակով փորձում ենք մեզ համար վերագտնել հոգևոր այն ճանապարհը, որը մեզ պիտի վերադարձնի կորցրած դրախտը` մեր հայրական տունը, այսինքն` Անառակ որդու կիրակիի գաղափարը անկումից դեպի վերելք, ընկած վիճակից վերականգնումի և կորստի գյուտն է:

Անառակի Կիրակիի խորհուրդը այսօր ևս հրամայական է մեզ համար, քանի որ այսօր հատկապես մարդիկ կարիք ունեն դեպի Աստված դարձի, օգնության, ներողամտության, եղբայրասիրության, համերաշխության ու խաղաղության:  Չլինենք Անառակ որդու առակի մեջ եղած ավագ որդու նման, ով չուրախացավ իր եղբոր` դեպի հայրական տուն դարձի ու փրկության համար, այլ մենք ևս մշտապես օգնենք աջակցենք միմյանց և ուրախանանք մեր եղբոր, մեր ընկերոջ ուրախությամբ, լինենք խոսուն օրինակներ մեր ծառայակից ընկերների ու առհասարակ բոլորի համար:

Ուրեմն Անառակի Կիրակիի խորհրդով լցված, ապաշխարենք, դառնանք և դիմենք գթասիրտ, ողորմած ու հոգատար Երկնավոր մեր Հորը, ով մշտապես պատրաստ է գրկաբաց ընդունելու և ներելու մեզ: Այս ամենից բացի իմ եղբայրական հորդորն ու պատգամն է ձեզ, սիրելի զինվոր եղբայրներ,  որ ձեր կյանքը ապրեք նաև ներողամտության և եղբայրասիրության մեջ, մշտապես պատրաստակամ լինեք ներելու և սիրելու ձեր եղբորը, ձեր զինակից եղբորը ու որպես հայրենիքի հանդեպ ձեր սրբազան պարտքը կատարող մեծ ընտանիք, անվերապահորեն կատարեք Քրիստոսի պատվիրանը` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը, և երկրորդը սրա նման է.«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 37-39), քանի որ Աստված Սեր է (Ա Հովհ. Դ 8):

Թող Մեծ Պահքի այս շրջանը ուղղորդի ձեզ դեպի Աստված քայլելու ճանապարհին, որպեսզի Աստծո Սուրբ Հոգով զորացած ապրեք ձեր կյանքը սիրով և հայրենիքի ու նրա հանդեպ ձեր պարտականությունները կատարեք լիարժեք, Քրիստոսի Սուրբ Խաչը և Սուրբ Ավետարանը ձեզ համար ուղեկից դարձնելով պայքարեք երևելի և աներևույթ թշնամիների դեմ և Ավարայրի, Սարդարապատի ու Արցախի հերոսների օրինակով մշտապես պատրաստակամ լինեք նվիրումով ծառայելու մեր Հայրենիքին, մեր ժողովրդին ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, քանզի հայրենասիրությունն ու եղբայրասիրությունը բանաձևելու կարիք չունեն. նրանով պետք է ապրես, գործես ու արարես:
Թող Տերը Իր հայրական սիրո և օրհնության մեջ պահի ձեզ, սիրելի ծառայակից եղբայրներ, պարգևելով ձեզ առողջություն, արիություն, կորով, սեր ու նվիրում Քրիստոսի Սուրբ Ավետարանի պատգամներով ընթանալու և հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու ճանապարհին. ամեն:

Թող Աստված օրհնի ու զորացնի ամենքիդ:

ՀՀ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐ`
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ

11 մարտի, 2017թ.

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest