«ԻՄ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ՀԵՐՈՍԸ»․ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Մենք հերոսներ շատ ունենք։ Մեր պատմությունն ու աշխարհաքաղաքական դիրքն են ստիպել հայ մայրերին հերոսներ ծնել և դրանով իսկ հերոսանալ։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր հերոսները, որոնք կյանքի որևէ բնագավառում մեզ համար ոգեշնչման աղբյուր են դառնում։ Ամենքս ունենք մեր հերոսները, մեկի համար հերոսը այն ուսուցիրն է, որը , չնայելով իր նվազ աշխատավարձին, շարունակում է ամենայն նվիրումով սերունդներ կրթել։ Ասացեք խնդրեմ, միթե՞ հերոս չէ այն մայրը, ով գիշեր ցերեկ աշխատում է, որպեսզի կարողանա իր երեխաներին պահել, կամ սահմանամերձ գյուղի բնակիչը, որը, չնկատելով իր գլխի վերևում սուրացող գնդակներն ու արկերը, շարունակում է մնալ և արարել իր հողում։ Անխոս նրանք հերոսներ են, մեր օրերի հերոսները։ Բայց իմ ամենասիրելի հերոսը իմ ընկերն է, իմ հոգևոր եղբայրը։
Հրաչ Սարկավագ Ղազարյանը մեր զորամասի գնդերեցն էր։ Նա քայլում էր զորամասի տարածքով, հարցնում զինվորների որպիսությունը, ժպտում նրանց, ժպիտ, որը բնավ ձևական չեր։ Պետք է տեսնել նրա աչքերի փայլը, երբ նա ժպտում էր, դա սիրո ժպիտ էր։ Սեր մի մարդու հանդեպ, ում դու անձնապես չես էլ ճանաչում, և սիրում ես նրան զուտ նրա համար, որ նա խոսում է նույն լեզվով, որով դու ես խոսում, շնչում է նույն օդը, որը դու ես շնչում, քայլում է նույն հողի վրայով, որը քեզ համար սրբություն սրբոց է։ Ես նորակոչիկ էի․ հազիվ կլինեի չորս –հինգ օրվա ծառայող, և կարգավիճակս, անկեղծ ասած, ինձ մոտ հարմարավետությքան զգացում չէր առաջացնում (ովքեր ծառայել են, կփաստեն)։ Դասի ժամ էր։ Վաշտը ողջ կազմով քառաշարասյուն նստած էր շինության միջանցքում, սերժանտը նստած էր շարքի դիմաց և մեզ վաշտի օրապահի պարտականություններն էր թելադրում, որը ինձ այնքան էլ չեր հետաքրքրում։ Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ տեսա Հրաչին։ Նրա հագին սքեմ էր, հոգևորականի առօրյա համեստ հագուստ, որ հայ քրիստոնյաին միմիայն պատկառանք կարող է ներշնչել։ Նա մոտեցավ մեզ, ողջունեց, շնորհավորեց՝ զինվորական դառնալու կապակցությամբ, և առաջարկեց աղոթել, հետո մենք սկսեցինք զրուցել։ Մենք հարցեր էինք տալիս, նա պատասխանում էր, խոսում էր կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին, և ես մի պահ կտրվեցի այն իրականությունից, որը ինձ համար դեռ խորդ էր (ես այդ ժամանակ դեռ չէի էլ կարող ենթադրել, որ այդ միջավայրը ինձ երբևէ կարող է հարազատ դառնալ)։ Երևի հենց դա էր գլխավոր պատճառը, որ ամեն անգամ նրան տեսնելիս ես ուրախանում էի։ Մի խոսքով, մենք բարեկամացանք։ Ես հաճախ էի նրան տեսնում, զրուցում, նա ինձ համար հարազատ մարդ էր՝ իր բարությամբ, համեստությամբ, կարեկցանքով հանդերձ։ Երևի ձեզ համար պարզ է արդեն, թե ինչ տեսակ մարդ էր նա։ Դու կարող էիր նրան պատմել ամեն բան, հայտնել քո մտահոգության պատճառը, իսկ Նա լսում էր համբերատար, աչքերի նույն փայլով, որով ուզում էր ասել, թե դա նաև իր մտահոգությունն է։ Բայց դա չէր ամենևին նրան հերոս դարձնում։
Ես բավական երկար արդեն ծառայել էի և տեղափոխվել էի մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ։ Ունեի «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում և նշանակվել էի մարտական դիրքի ավագ։ Դրությունը սահմանին լարված էր։ Հենակետի ավագը ինձ հանձնարարեց զինվորներից մեկի հետ ականանետը տանել վաշտի հրամանատարի դիտակետ։ Ճանապարհը բավականին երկար էր և անցնում էր Յուսուֆջալի քաղաքի ավերակների միջով։ Ես և ընկերս ականանետը շալակած գնում էինք, երբ նկատեցինք գումարտակի հրամանատարի մեքենան։ Մեքենան կանգնեց, հրամանատարը իջավ մեքենայից և սկսեց մեզ հարցուփորձ անել, ես պատասխանում էի նրա հարցերին ու չնկատեցի էլ, որ մեքենայում նստած է Հրաչը, բայց եթե նկատեի էլ, միթե՞ նրան կճանաչեի։ Հրաչը նույնպես իջավ մեքենայից և ես ապշեցի։ Ես չտեսա իմ իմացած Հրաչին։ Նա սև երկարափեշ սքեմը փոխել էր զինվորական համազգեստի հետ, զինվորականի գլխարկն էր զարդարում նրա գլուխը, ձեռքին ԱԿ- 74 ավտոմատ ուներ, և միայն մորուքից ու աչքերից ես հասկացա, որ նա իմ ընկերն էր։ Աչքեր, որոնցում այս անգամ արդեն ռազմի քաջության ջահն էր վառվում։ Նա եկել էր կռվելու։ Չգիտեմ՝ ինչն էր ստիպել նրան գնալ այդ քայլին, գուցե ձանձրացրել էին աղոթքները, և նա ուզում էր անձամբ իր ներդրումն ունենալ Հայրենիքի պաշտպանության գործում։ Բայց ոչ, նրա հավատքը զորավոր էր, իսկ աղոթքները՝ ոգեշնչող ու հուսատու։ Նա եկել էր ասելու՝ «դուք մենակ չեք,ես ձեզ հետ եմ», նա եկել էր ևս մեկ անգամ ապացուցելու այն հին ճշմարտւթյունը, որ հայ հոգևորականը գիտի ճիշտ ժամանակին իր խաչը ձուլել ու թուր սարքել, նա եկել էր ասելու, որ հայրենիքի ճակատագիրը առավել կարևոր է, քան մնացյալ որևէ այլ բան, և ի վերջո՝ հայրենիքն ու հավատքը մի ամբղջություն են, և առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող։ Նա ոգևորում էր իր ներկայութամբ, նա ստիպում էր մեզ գիտակցել մեր գոյության նշանակությունը, արժևորել ինքներս մեզ։ Նա իմ տեսած հերոսն էր՝ հերոս հոգևորականը, մեր ժամանակների Գրիգոր Եպիսկոպոսը, Մովսես Աբեղան, Ղևոնդյանց քահանաներից յուրաքանչյուրը։ Մենք ունենք ազգային հերոսներ, որոնց կյանքը, գործունէությունը, անցած փառավոր մարտական ուղին նրանց անմահ են դարձնում։ Նրանք ապրում են մեր լեզվում, նրանք սրբացվում են մեր հավատքում, և դասեր են տալիս մեզ՝ սերունդներիս։ Նրանց անունները մեր հոգիներում ազգային հպարտություն և արժանապատվություն են առաջացնում, նրանք կան ու լինենու են դեռ հազարամյակներ։ Բայց որքան ավելի մեծ հպարտություն է, երբ քո ըկերն է անում այդ ամենը, երբ նրա գործն ու օրինակը քո աչքի առաջ է։ Գիտե՞ք, հիմա շատ ակտուալ է խոսել հայրենասիրությունից, կրոնից, հավատքից։ Եվ շատ անգամ ես էլ եմ ստիպված լինում մասնակցել նման քննարկումների։ Մի անգամ, երբ խոսվեց աղանդավորական շարժումներից, նշվեց այն հանգամանքը, որ նրանք չեն ծառայում հայոց բանակում, իսկ հակառակ կողմի բանախոսը ասաց հետևյալը՝ «Հայ Առաքելակա Եկեղեցու սպասավորները նույնես չեն ծառայում բանակում»։ Աչքերիս առաջ եկավ Հրաչը՝ նույն պայծառությամբ նույն անձնազոհ կերպարը, ես էլի տեսա նրա անկեղծ ու բարի ժպիտը, աչքերի նույն փայլը, նա էլի քայլում էր զորամասի տարածքում, էլի ողջունում բոլորիս, էլի բերում մեր խնդրած գրքերը։ Ու հենց այդ ժամանակ ի պատասխան հնչած հարցադրմանը՝ ես ասացի՝ «Իսկ դուք ճանաչու՞մ եք Հրաչին»։ Հիմա, երբ ես վաղուց արդեն զորացրվել եմ, մենք էլի հանդիում ենք, էլի զրուցում մեր անցած օրերից։ Էլ ինչպե՞ս այլ կերպ, չէ՞ որ նա իմ ամենասիրած հերոսն է։

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

X

Pin It on Pinterest

X
Share This