ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

«…, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի,
չի կարող Աստծու արքայությունը մտնել.
որովհետև մարմնից ծնվածը մարմին է,
իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի»  (Հովհ. 3:5-6)։

            Մարդը՝ հոգեմարմնավոր արարած է, ուստի, ինչպես մարմինն ունի իր ծնունդը, նույնպես և հոգին։ Մինչև չծնվի ջրից և Սուրբ Հոգուց, մարդը Աստծո Արքայությանը չի կարող արժանանալ: Նախնական շրջանում մկրտության արարողությունը տեղի էր ունենում գետերում ու ջրավազաններում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մկրտվել է Հորդանան գետում:
Սբ. Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց Տրդատ թագավորին և հազարավոր հայորդիների: Առաքելական ժամանակաշրջանից հայտնի էին տներում կատարվող մկրտություններ: Խորհրդի նկատմամբ հարգանքը ժամանակի ընթացքում առաջ բերեց մկրտության ավազանի օգտագործումը: Այն դարձավ Քրիստոնեական Եկեղեցու ամենակարևոր մասերից մեկը, որտեղից  ծնվում են Եկեղեցու զավակները:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մկրտության նախնական ձևը։  Մկրտվողը մեռնում է իր հին մարդով Քրիստոսի հետ և իբրև նոր մարդ հարություն է առնում Քրիստոսով: Հոգևոր ծննդի առթիվ Հայոց Եկեղեցում հաճախ մկրտվողին տալիս են նոր՝ քրիստոնեական անվանում։ Այս  գիտակցումով սույն թվականի մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան Մկրտարանում  ձեռամբ Տեր Սիմեոն քահանա Մովսեսյանի կատարվեց  ՀՀ ՊՆ № զորամասի թվով ութ զինծառայողների Սուրբ Մկրտության արարողություն: Մկրտությունից առաջ զինվորները նախապատրաստվել էին Եկեղեցու կարևորագույն  խորհրդին: Մկրտվող զինծառայողների  կնքահայրերը մեծ մասամբ իրենց ծառայակից ընկերներն էին, ովքեր Աստծու առաջ հանձն առան ամենայն պատասխանատվությամբ զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ: Արարողությանը ներկա էին զինծառայողների ծնողներն ու հարազատները:

ՀՀ ՊՆ  Զորամասի գնդերեց՝
Հովհաննես սարկավագ Գալստյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest