ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համբարձման տոնը Հարուցյալ Հիսուսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում:

Նոր Կտակարանի վկայությամբ (Մարկոս 16:19-20, Ղուկաս 24:50-53, Գործք Առաքելոց 1:9-11)` Հիսուսն Իր Հարությունից հետո 40 օր բազմիցս հայտնվում է Իր հետևողներին` Մարիամ Մագդաղենացուն, յուղաբեր կանանց, Պետրոսին, Էմմավուսի ճամփորդներին, առաքյալներին` Վերնատանը և Գալիլիայի Տիբերիական ծովակի եզերքին` վերահաստատելով նրանց իրենց առաքելական կոչման և հավատի մեջ` «Գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:19): Այս հանդիպումների ժամանակ Նա քաջալերում, մխիթարում և հուսադրում է նրանց, խոսում երկնքի արքայության և առաքյալների կոչման մասին: Հորդորում է առաքյալներին` չտրտմել, չերկնչել, այլ համբերությամբ, հույսով ու արիությամբ դիմակայել Ավետարանի քարոզության ընթացքում նրանց սպասվելիք փորձություններին:

Քրիստոս` Աստծո Որդին, Իրեն տեսնողների հոգիներից վերջնականապես վանում է կասկածն ու երկյուղը` հաստատելով Իր իրական հարությունն այն նույն մարմնով, որով խաչվել էր և գերեզման դրվել, ինչպես նաև հուսադրելով բոլոր մարդկանց` գալիք հարության ու հավերժական կյանքի իրողությամբ: Վերջին անգամ Քրիստոսը հայտնվում է Ձիթենյաց լեռան վրա, որտեղ օրհնում է բոլորին «…և մինչ Նա օրհնում էր, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում»: Աշակերտների հայացքներից Նրան ծածկում է լուսեղեն ամպը, և նույն պահին լուսազգեստ հրեշտակները, երևալով երկնքում, ազդարարում են` «Ով գալիլիացիներ, ինչո՞ւ եք կանգնած նայում երկնքին, այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա` երկինք գնալը» (Գործք Առաքելոց 1:11): Եվ Հայր Աստված, ընդունելով Իր սիրելի Որդուն, «նստեցրեց Իր աջ կողմում, երկնքի մեջ» (Եփեսացիներ 1:20):

Քրիստոսի Համբարձումը բոլոր տերունական տոների և տնօրինական խորհուրդների ամբողջացումն է` սկսած Տիրոջ Սուրբ Ծնունդից մինչև Սուրբ Հարություն: Առնելով մարդկային մեր բնությունը` Քրիստոսն Իր գալուստով մաքրեց ու օրհնեց անեծքով դատապարտված արարածներին և ցույց տվեց դեպի երկինք մարդուն խոստացված ճանապարհը:

Քրիստոս համբարձվեց, որպեսզի Երկնավոր հոր առջև բարեխոսի Իր սիրելիների համար: Համբարձվեց, որպեսզի համարձակություն տա հուսալու, որ մենք ևս մարմնով մտնելու ենք հավիտենական կյանք: Համբարձվեց, որպեսզի Սուրբ Հոգին առաքի` «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհաննես 16:7), իսկ երբ «… Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն կստանաք և Ինձ վկաներ կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1:7-8): Փրկիչը մարմնով բաժանվեց մարդկանցից, սակայն մշտապես նրանց հետ է Հոգու միջոցով, ուստի Փրկչի Համբարձումը նաև Հոգեգալուստի նախապատրաստումն էր, որի արդյունքում առաքյալների երկրե-երկիր քարոզությամբ Ավետարանը քարոզվեց բոլոր մյուս ժողովուրդներին:

Քրիստոս մեկ անգամ ևս հավաստեց հավիտենական կյանքի գոյությունը: Երկինք համբարձվելուց առաջ Նա Իր առաքյալներին պատվիրեց՝ «Գնացեք ուրեմն, ածակերտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուըրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:19): Տիրոջ այս պատվիրանի համաձայն Նրա առաքյալներից երկուսը՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները եկան Հայաստան և իրենց քարոզությամբ հիմնեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «Ջանգյուլում» կամ «Վիճակ» անուններով: «Վիճակ»-ը կապված է Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում, Պետրոս առաքյալի առաջարկով մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12-րդ առաքյալ ընտրելու հետ: Հուդան ինքնասպան էր եղել և նրա փոխարեն պետք էր մեկ ուրիշին ընտրեին: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Համբարձման և Հոգեգալստյան տոների միջև ընկած ժամանակահատվածում:

Ժողովրդական սովորություններից է, որ Համբարձման տոնի նախորդ օրը հարսներն ու աղջիկները 7 աղբյուրից ջուր և դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ են տուն բերում: Համբարձման տոնի օրը ժողովրդական խաղսովորության՝ վիճակահանության օրն է: Համբարձման տոնի օրը շատերը ուխտի են գնում Ծաղկեվանք:

Հայ Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից տեղափոխելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը: Այդ թվականից մինչև այսօր Հայոց Կաթողիկոսական աթոռը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հայ Եկեղեցին Համբարձման տոնը նշում է Սուրբ Հարության տոնի 40-րդ օրը՝ Հինգշաբթի օրը:

ՀՀ ԶՈՒ ՌՈՒՀ ԳՆԴԵՐԵՑ
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest