Մեր հաղթանակները շաղախված են եռամիակցությամբ՝ Ազգ-Բանակ-Եկեղեցի․․․

Հայ ժողովրդի պատմության էջերում ոսկետառ դրոշմ է կրում մարերի ամիսը, քանի որ հենց այս ամիսը դարձավ հայ ազգի հարատև ապրելու, ստեղծագործելու և նորանոր հաղթանակներ կերտելու երաշխիքը: Պատահական չի լինում ոչինչ, ինչպես որ այս պարագային հայ ժողովրդի հետ: Մայիս ամիսը հայկական տոմարի Մարերի անվանումը ստացել է մայրիք (ծառեր) կանաչելու և տերևակալելու կապակցությամբ, որը  վերածննունդի, վերազարթոնքի խորհուրդն է կրում: Այդպես է եղել բաց երկնքի տակ թանգարան հռչակված բնակարանում բնակություն հաստատած ժողովրդի հետ, ով մաքառել, պայքարել է անձնազոհությամբ, և կարողացել է նոր կյանք տալ հայկական սերմին: Այսօր էլ այդ սերմերը առատ հունձ են տվել ու սպասում են իր նորօրյա սերմանողներին, ովքեր հպարտությամբ են հաղթանակի սերմերը ցանելու նախնիների ջանքով ակոսված սրբազան հողում: Մայիսը դարձել է ոգեկոչման ու հաղթանակների ամիս, քանզի յուրաքանչյուր հայ այդ ամիսը ապրում է իր վրա զգալով հաղթողի հոգեբանությունը: Այս հոգեբանությունը կարծես ժառանգություն է դարձել մեզ բոլորիս համար և փոխանցվում է դարե դար, սերունդից սերունդ ամրապնդելու հաղթական ոգին: Դեռևս 5-րդ դ. Վարդան Մամիկոնյանով հիմք դրված մայիսյան հաղթանակներին եկան լրացնելու նորօրյա հաղթանակներ՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Հայրենական Մեծ պատերազմ և Շուշիի ազատագրում: Յուրաքանչյուր հաղթանակ կարևորագույն նշանակություն ու դեր է խաղացել հայ ժողովրդի հետագա շարունակական կյանքի համար: Չլիներ այս հաղթանակներից որևէ մեկը, չէր լինի նաև բազմաբովանդակ մի ժողովուրդ, ով արարում և նախագծում է իր անցնելիք ուղին: Այսօր էլ հայ երիտասարդը սնվում է հայրենի հաղթանակներից, ինչպես մանուկն իր մոր կրծքից:

Ավարարյը ոսկե դարի գլուխգործոցներից մեկն էր, որ հանուն հայրենիքի, հանուն հավատքի դուրս եկավ մի քանի անգամ գերազանցող թշնամուն ընդառաջ և հիմքերը գցեց հայ ժողովրդի անկոտրում մնալու վեհ գաղափարին: Պատմության էջերում շատ ենք հանդիպում ցավալի իրողության, երբ հայն իր հողի վրա դարեր շարունակ ապրել է իբրև հպատակ մի ազգ, բայց չի հպատակվել հպարտ իր ոգին, որի շնորհիվ էլ ապրում է՝ կերտելով իր պայծառ ապագան: Այսօր էլ երկրի երեսից վերացած հնագույն ազգերը հեռվից ձայն են տալիս ու իրենց խոնարհումն են բերում իրենց երբեմնի ավագ եղբոր՝ հայ ժողովրդի առաջ, իբրև հնագույն ժողովուրդների մեջ ազգ հասկացողությունը մնայուն ու արժեքավոր խորհրդանիշ պահած ժողովուրդի: Քանզի հայն է կարողացել ամեն ընկնելուց իր մեջ ուժ գտնել ու ոտքի կանգնել, դրոշը ձեռքում վեր պահել ու առաջ ընթացել:

Մեր հաղթանակները շաղախված են եռամիակցությամբ՝ Ազգ-Բանակ-Եկեղեցի, որտեղ հանդես են եկել այս երեքը անքակտելի կերպով, միշտ էլ ելք գտել են անգամ ամենից բարդ վիճակներից: Այդպես էր Ավարարյում, երբ ձեռք ձեռքի բռնած մարտի դաշտ դուրս եկան Վարդանն իր զորականներով, Ղևոնդ երեցը իր հաղթական խաչով և ժողովուրդը՝ կին թե տղամարդ, ծեր թե մանուկ՝ բահ ու մահակով: Այդպիսին է մեր ազգը, երբ սուրը ճոճվում է հայրենիքի գլխին՝ չի խնայում ոչինչ, անգամ ամենից թանկը՝ կյանքը: Հայրենիքի ու եկեղեցու համար կյանքը զոհաբերած նահատակների արյունը՝ դարձավ այն պարարտ ավյունը, որը ոգեկոչում է ներկա և գալիք սերունդներին, ապրելու և թրծվելու այդ սխրանքների ներքո, որի ականատեսը դարձանք ապրիլյան դեպքերի ժամանակ: Այդ է պատճառը, որ բոլորը կողքից զարմանքով են նայում մեր ժողովրդին, խենթ անվանելով մի ամբողջ ազգի, թե ինչպես է լինում, որ պատերազմի ժամին բոլորն են դառնում քաջարի մարտիկ ու իրենց նետում  անմոռաց մարտի, որն էլ ուղեկցվում է երգով ու պարով, կարծես թե հարսանիք են հրավիրված ազգովի: Այո՛, հարսանիք էին հրավիրված լեռնաշունչ Շուշիում, երբ շուրջպար բռնած հայ քաջորդիները կարողացան մագլցել բերդն անառիկ և իրենց խոստացված հարսանեկան պարը բռնել հինավուրց մայրաքաղաք Շուշի ամրոցում: Նմանատիպ հաղթանակները կերտվել են այնպիսի պարագաներում, երբ իբրև այդպիսին կանոնավոր բանակ չունեինք, և կամքն էր վճռորոշ դերակատարում ունենում ու սխրանքներ գործում, սակայն այսօր կամքին գումարվել է նաև կանոնավոր, մարտունակ բանակը, որ գերազանց է կատարում իր առջև դրված ցանկացած առաջադրանք: Ուստի վստահ ենք, որ դեռ նորանոր սխրանքներ ու հերոսություններ են կերտվելու, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, քանի որ դա հայի երակներում է հոսում: Մարդուց մեկ բան հնարավոր չէ խլել, և դա նրա խելքն է, իսկ հայից հնարավոր չէ խլել նաև նրա հաղթական ոգին:

Մայիս ամիսը հայ ազգի համար և՛ ռազմական, և՛ հոգեբանական, և՛ բարոյական հաղթանակների ամիս է: Հաղթանակներ, որ միտված էին խաղաղություն հաստատելու և կյանքի շարունակականություն տալու ստեղծագործ մի ազգի: Այսօր մեծ տոնակատարությամբ ենք նշում մայիսյան հաղթանակները, բայց լավ գիտակցելով, որ այդ խաղաղության երաշխավորը հանդիսանում է սահմանին կանգնած մշտարթուն հայ զինվորը, ով ծառայում է Հայոց կանոնավոր բանակում:

Այսօր էլ այդ հաղթանակների ոգու ներքո տոնախմբում է իր հաջողությունները մի ողջ ժողովուրդ՝ համոզված լինելով իր կայացած պետության ու բանակի ամրության ու անառիկության վրա, և հավատալով Աստծուն ու Նրա Ամենակարող Աջին, որ միշտ հովանի է եղել հայ ժողովրդին, անգամ ամենից անհուսալի պահերին, իր գիրկն առած՝ առաջ է տարել ընտրյալ հայ ազգին:

Հաղթության ու խաղաղության տոնդ շնորհավոր հայ ժողովուրդ…

Գարիկ սրկ. Կադեյան
ԱՀ ՊԲ N զորամասի գնդերեց

 

Տեր Տաճատ...

Մայիսյան հերոսամարտեր,Սարդարապատ․․
Մայիսյան հերոսամարտեր, Սարդարապատ․
Մայիսի 26 Սարդարապատի ճակատամարտ
1. Տ․ Հովհաննես Տեր Մկրտչյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
2. Տեր Սահակ Տեր Սահակյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
3. Տեր Զաքար Տեր Հարությունյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
4. Տեր Հովհաննես Տեր Մինասյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
5. Տեր Սարգիս Տեր Գևորգյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
6․ Տեր Գրիգոր Պետրոսյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից.
6․ Տեր Գրիգոր Պետրոսյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
7. Տեր Հովհաննես տեր Գրիգորյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից․
7. Տեր Հովհաննես տեր Գրիգորյան, Մայիսյան հերոսամարտի մասնակից
8. Գարեգին Հովսեփյանց Եպիսկոպոս, այնուհետև կաթողիկոս, Մայիսյան հերոսամարտի մասնակից

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest