Սուրբ Համբարձման տոնը Գետիկի գեղատեսիլ հովտում

Գետիկի գեղատեսիլ հովտում` մի բարձր բլրի վրա է գտնվում նորակառույց և նորաօծ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին։

Համբարձման տոնին Եկեղեցու ընդարձակ բակում աշխուժություն էր տիրում։ Այստեղ մեկտեղված էին և՛ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության գնդերեցները՝ Վրթանես Սրբազանի գլխավորությամբ, և՛ մեր հայրենիքի հյուսիս-արևելյան սահմանը պահպանող զորամասի զինվորները՝ հրամանատար գնդապետ Ժամհարյանի գլխավորությամբ։

Մինչ Սրբազան Պատարագի սկսվելը մտերմիկ զրույց սկսվեց զինվորականների և հոգևորականների միջև, այնուհետև բոլորը միասին մտան եկեղեցի մասնակցելու տոնական պատարագին։

Օրվա պատարագիչն էր <<Խաղաղապահ բրիգադի>>  գնդերեց ՝ Տ. Շնորք քհն. Շահինյանը։ Պատարագին միացան նաև գյուղի բնակիչները, բազմաթիվ մանուկներ և դպրոցի մանկավարժներ։

Պատարագը անցավ աղոթական հրաշալի միջավայրում, բոլորը միասին պարուրվեցին Համբարձման տոնական խորհրդով։

Հավարտ պատարագի կատարվեց հայրապետական մաղթանք ի հիշատակումն հայրապետական աթոռի տեղափոխության Սբ. Էջմիածին։

Այնուհետև ներկաներին իր հայրական խոսքն ու հորդորը ուղղեց Գերաշնորհ Սրբազան Հայրը։ Մասնավորապես նա իր խոսքում շեշտեց մեր եկեղեցու բազմադարյա ընթացքի, մեր նախնիների հավատքի և նրանց կողմից ստեղծած արժեքների մասին։

Սրբազան Հայրը շնորհավորեց բոլորին Համբարձման տոնի, մայիսյան եռատոների և շրջանավարտների օրվա առիթներով՝ աղոթք հնչեցնելով մեր հայրենիքի և սահմանների անառիկության համար։

Վերջում բոլորը համբուրելով Բանակի պահապան Աշոթ Երկաթի թագավորի Սուրբ Խաչը և Սբ. Ավետարանը, բաժանվեցին միմյանցից` իրենց հետ տանելով Տիրոջ օրհնությունն ու Սբ Նարեկացու բարեխոսությունը։

ՀՀ ՊՆ գնդերեց՝ Տ. Պսակ քահանա Մկրտչյան

 

 

 

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest