ՍԲ․ ՄԻՆԱՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԽԱՉՎԱՌԸ ԸՆԾԱՅՎԵՑ 2-ՐԴ ԲԿ-ԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և ՀՀ Պաշտպանության նախարար՝ Տիար Վիգեն Սարգսյանի հրամանով 21 Խաչվառներ պետք է նվիրաբերվեն Հայկական Բանակի զորատեսակների վարչություններին և բանակային զորամիավորումներին: Յուրաքանչյուր Խաչվառ պետք է ունենա իր հովանավոր  և բարեխոս Սուրբը: Մայիսի 27-ին  Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում տեղի ունեցավ Խաչվառի օրհնության արարողությունը: Խաչվառը Աշոտ Երկաթ թագավորի Խաչով օրհնեցին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Գեղարքունյաց Թեմի առաջնորդական տեղապահ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը: Օրհնության ավարտից հետո 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար՝ գնդապետ Դավիթ Մանուկյանն ու հրամանատարի տեղակալները մոտեցան և համբուրեցին Խաչվառը: Խաչվառի օրհնության և հանձնման արարողությանը հաջորդեց օրվա գեղարվեստական մասը, որն ուղեկցվեց ՀՀ ԶՈԻ Հոգևոր Առաջնորդության 20 ամյակին նվիրված ելույթներով և համերգային գեղեցիկ կատարումներով: Ն. Նորքի և Մալաթիայի հայորդյաց տան տաղանդաշատ սաները բազմաոճ կատարումներով՝ դհոլահարների խմբով, կրկեսային համարներով, ազգագրական երգ ու պարով ներկա զինվորականների օրը գեղեցիկ դարձրեցին: Արարողության ընթացքին 2-րդ ԲԿ Հրամանատարի կողմից պարգևատրվեցին մի շարք հոգևորականներ և Սրբազան Հոր կողմից մի շարք զինվորականներ:

Խաչվառի գործածությունը վերցված է հետևյալ դեպքից.  Բյուզանդիայի կայսր Մեծն Կոստանդիանոսը փոքրաթիվ զորքով գնում էր թշնամու դեմ պատերազմելու:  Հանկարծ կեսօրին երկնքում տեսնում է Խաչի նշանը՝ լույսի մեջ ողողված և լսում հետևյալ պատգամը. «Այս նշանով պիտի հաղթես»: Անմիջապես կայսրը հրամայում է դրոշների վրա նկարել Փրկչի Խաչի նշանը: Թշնամին, հակառակ իր բազմության, պարտության է մատնվում: Այդպիսով վերացավ կռապաշտությունը և ամենուր փայլեց Քրիստոսի Սուրբ Խաչը: Քրիստոնյա եկեղեցիները, այդ թվում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այս դեպքից հետո զանազան հանդեսների, հատկապես՝ պատերազմների, հերոսամարտերի ժամանակ, սկսյալ Ավարայրից մինչև Սարդարապատ, զորքի առաջից Խաչվառով են գնացել, որպես դրոշակ քրիստոնեական հավատքի և հաղթության երաշխավոր:

2-րդ Բանակային Զորամիավորման Խաչվառը կրեց Սուրբ Մինաս զորավարի անունը: Սուրբ Մինաս զորավարը  ծնվել և ուսում էր առել Աթենքում և ապրում էր Մաքսիմինոս կայսեր (286-310) ժամանակում։ Նա գաղտնի քրիստոնյա էր դարձել: Կայսրը նրան Ալեքսանդրիա ուղարկեց, որպեսզի խաղաղություն հաստատի այս խռովահույզ քաղաքում: Իր ճարտասանությամբ (իմաստությամբ) հաջողվեց իր առաքելության մեջ, որից էլ կայսրը գոհ մնալով՝ նրան այդ նույն քաղաքի կառավարիչը կարգեց: Սակայն քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած բարեկամությունը երևան հանեցին նրա քրիստոնյա լինելը, ինչը որ Ալեքսանդրիայի հեթանոս մեծամեծները տեղեկացրին կայսերը: Կայսրը նրան փոխարինելու համար մի այլ աթենացի ուղարկեց, նույնքան ուսյալ և նույնքան ճարտար Երմոգինես կոչվածին: Նա նախ իր ճարտասանությամբ փորձեց Մինասին դարձի բերել, բայց հաղթվելով նրա իմաստուն պատասխաններից, խստագույն չարչարանքների ենթարկեց, մինչև իսկ կտրել տվեց նրա լեզուն և աչքն էլ հանել տալով՝ բանտ նետեց: Սակայն հաջորդ օրը Սբ․ Մինասը բժշկված ներկայացավ նրան, որից Երմոգինեսը խորապես տպավորվելով քրիստոնյա դարձավ: Այս ամենից զայրացած կայսրը  Մինասին և Երմոգինեսին  հրամայեց գլխատել: Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի թագավորության օրոք մեծ հալածանք եղավ քրիտոնյաների դեմ: Դրանց ժամանակ երանելի Սբ․ Մինասը, Քրիստոսի անարատ զորականը երևաց` ինչպես մի լուսավոր աստղ իր առաքինությամբ:
Ազգով եգիպտացի Մինասը, որ թագավորների զորքում էր ծառայում, որոշեց դուրս գալ զինվորական ծառայությունից և բնակվել անապատում, որովհետև  թագավորի հրամանով ամբողջ երկրում պիտի հեթանոս կուռքերին զոհեր մատուցվեին: Եվ երբ երեք տարի անցավ, Քրիստոսի զորությամբ որոշեց իջնել քաղաք, որպեսզի քարոզի Աստծո խոսքը: Այնտեղ հանդիպում է հեթանոս Իշխանին, ով նրան տանջանքի ենթարկելու սպառնալիքով փորձեց  ստիպել հրաժարվել Աստծո խոսքը քարոզելու մտքից: «Ի՞նչպես ես քեզ քրիստոնյա անվանում և չես վախենում տանջանքներից»: Մինասն ասաց. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենում: Ի՞նչ պիտի անի ինձ մարդը: Ես ուզում եմ Աստուն ծառայել»:
Մինաս զորավարի խոսքից հետո, որ ասաց, թե ուզում է ծառայել Աստծուն, սաստիկ տանջանքների ենթարկել, սակայն Աստծու սուրբը հանձն չէր առնում թողնել Աստծուն․ «Ես օգնական ունեմ Աստծուն, որ կարող է այս տանջանքները թեթևացնել: Աստծո ծառային ստիպում եք հեռանալ Աստծուց և ձեզ պես անցնել սուտ աստվածների պաշտամունքին: Իշխանն ասաց. «Մի՞թե իսկապես չզգացիր այդ դառն ու անողորմ տանջանքները»: Երանելի Մինասն ասաց. «Մի՛ կամեցիր դառն տանջանքներով հաղթել իմ իմաստուն մտքերին, որովհետև մեծ Թագավորի ուժն ու զորությունը մոտ են ինձ և բոլոր տանջանքների մեջ ինձ զորեղ են պահում»:

Իշխանը զորավարի անմնացորդ նվիրումը տեսնելուց հետո հրամայեց էլ ավելի ծանր տանջանքների ենթարկել նրան: Իսկ սուրբը, անդադար օրհնում էր Աստծուն: Եվ երբ իշխանը տեսավ անդրդվելի հավատն առ Քրիստոս և անփոփոխ միտքը, հրամայեց սրով սպանել երանելի վկային: Եվ ծունր իջեցնելով` հատեցին երանելի Մինասի գլուխը:

Նոյեմբեր ամսի տասնմեկին ննջեց եգիպտացի սուրբ Մինասը` ի փառս և ի գովություն Աստծու: Նահատակի անունով կառուցվեց վկայարան, ուր սրբի բարեխոսությամբ բժշկություններ էին լինում:

ՀՀ ԶՈՒ ԱՎԱԳ ԳՆԴԵՐԵՑ՝
ՎՈԼՈԴՅԱ ՍԱՐԿԱՎԱԳ ՆԱՋԱՐՅԱՆ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest