Հավատ` ապրելու համար. ավագ սերժանտ

Եթե մանանեխի հատիկի չափ հավատ Ունենաս․․․
Նվիրվում է ՀՀ ԶՈՒ բոլոր գնդերեցներին

Զինվորական ծառայությունն ինքնին հեշտ գործերից չէ։ Խոսքս ֆիզիկական դժվարությունների մասին չէ, դա իր հերթին։ Ժամանակի ընթացքում կարողանում ես ընտլանալ ֆիզիկական  դժվարություններին, և գալիս է մի պահ, երբ դրանք դադարում են դժվարություն լինել ու դառնում են քո առօրյայի անբաժանելի մասնիկը։

Առավել բարդ հաղթահարելի են  հոգեբանական դժվարությունները։

Դու մտնում ես նոր միջավայր, որը քեզ խորթ է, սկզբից այդ օտար պատերը քեզ սարսափեցնում են, չեն թողնում շնչել, հետո քիչ-քիչ  սկսում ես ընտելանալ նրանց, իսկ վերջում  այդ պատերից կածվածություն է առաջանում։ Այս փուլերից յուրաքանչյուրին անցումը ենթադրում է հոգեբանական փոփոխություններ։ Դու անընդհատ ստիպված ես լինում սովորել ինչ-որ մի նոր բանի։

Լինում են պահեր, երբ հայտնվում ես հուսահատության անհատակ անդունդի առաջ, երբ դիմացդ միմիայն սև է, չկա մի բան, մի հույսի ոստ, որից կարելի է կառչել: Քեզ համար անհետաքրքիր ու անիմաստ է դառնում ամեն ինչ, իսկ այն քիչը, որ քեզ հետաքրքիր է, քեզ հետ  չէ, հեռու է, անհասանելի: Այդ պահերը մի կարճ ու ընդհանրական անունով կոչվում են կարոտ։

Կարոտում են բոլորը, բայց յուրաքանչյուրը կարոտում է յուրովի․մեկը չի կարողանում դա թաքցնել, իսկ մյուսը փորձում է ամեն կերպ կոծկել այդ կեղեքիչ զգացմունքը։

Նման պահեր ինձ հետ հաճախ էին լինում. Հանկարծակի՝ օրվա ցանկացած ժամի, ինձ կարող է դատարկության զգացում համակել. Ուրախն ու հետաքրքիրը դառնում էին միևնույն ու սովորական, միապաղաղ ու անգույն:

Ես գտա դրա կենարար դեղամիջոցը, որը լցնում ու գունավորում է կյանքը, թևեր տալիս`անդունդը շրջանցելու, ուժ տալիս` մաքրելու ինքդ քեզ, ինչպես փոթորիկն է ցրում մառախուղը: Հավատ։ Զորեղ երևույթ, որն ամենքին չէ տրված կամ գուցե ոչ բոլորն են այն որոնում: Ես գտել եմ իմ կյանքի բանաձևը. հավատ առ Աստված, հավատ` սեփական ուժերի հանդեպ, հավատ` սեփական գաղափարների մաքրությանն ու ճշմարտությանը, հավատ` գալիք պայծառ օրվա և հավատ կյանքին: Ես ապրում եմ հավատալով, ես հավատում եմ, որպեսզի ապրեմ:

Կորյուն Սիմոնյան
նախկին զինծառայող. ավագ սերժանտ

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest