Քրիստոսի հավատքի հաղթանակած ոգին կենդանի է նաև հայոց սահմաններում

2017 թ․ թվականի հունիսի 30 — ին ՀՀ ՊՆ հյուսիսարևելյան N զորամասի մարտական հենակետերից մեկում, հանդիսավոր պայմաններում, օրհնվեց զինվորների կողմից կառուցված գողտրիկ մատուռը։ Սրբազան արարողությունը կատարեցին Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Արամ քհն․ Միրզոյանը և տվյալ զորամասի գնդերեց Մարտուն սարկավագ Շահվերդյանը։ Ներկա էին նաև զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ Զ․Մկրտչյանը, գումարտակի հրամանատար Ա․ Մուրադյանը և ուրիշներ։
Սպայական ողջ անձնակազմն ու հատկապես տվյալ դիրքի զինծառայողները մեծ սիրով ու երկյուղածությամբ էին պատրաստվել օրհնության կարգին։ Մատուռի կառուցումը մարտական հենակետի շարքային զինվորների՝ Անտոնիո Մկրտչյանի, Գառնիկ Հարությունյանի, Թորգոմ Գաբոյանի նախաձեռնությունն էր և հենց նրանց ու իրենց դիրքապահ ընկերների ջանքերով ու աշխատասիրությամբ էլ կյանքի կոչվեց հերթական աղոթատունը, որտեղ լարված առաջնագծից դարձյալ մշտապես հնչելու է հայ զինվորի ջերմեռանդ աղոթքն ու մաղթանքը՝ հայոց աշխարհի խաղաղության և բարօրության համար։ Ամենօրյա մարտական հերթապահության ընթացքում՝ նենգ թշնամու դավադիր վտանգներին ընդառաջ, մեր զինվորները հաճախ են զգացել Աստծո կենդանի ներկայությունն ու զորավոր պաշտպանությունը, և հետևաբար մատուռի կառուցումն ու մշտական աղոթքի առկայությունը նրանց համար կենսական անհրաժեշտություն էր։ 
Մատուռի օրհնությունը կատարվեց նվիրական միջավայրում՝ չքնաղ բնության, աղոթական մթնոլորտի պայմաններում։ Քրիստոսի նվիրական խաչն օրհնվեց և հաստատվեց իբրև նշան՝ հայոց հաղթանակած ոգու և հավատքի անսասանության, որն անցել է դարերի ամեհի փորձություններով ու արհավիրքներով, սակայն երբեք չի տկարացել, չի կորցրել վստահությունն առ Աստված։
Իր խոսքում Տեր Հայրը նախ գոհություն հայտնեց Տիրոջը մատուռի բարեհաջող կառուցման և օրհնության համար, ինչպես նաև կարևորեց զինվորների նախաձեռնությունն ու ջերմեռանդությունը, քանի որ զինվորական ծառայության բոլոր դժվարություններն ու փորձությունները առավել գիտակցված և դյուրին են հաղթահարվում հավատքի առկայության և կյանքում դրա գործնական կիրառման շնորհիվ։ Միայն զենքին հմտորեն տիրապետելն ու ռազմական գիտելիքները ի զորու չեն ապահովելու բանակի մարտունակ և բարձր ոգին։ Անհրաժեշտ է նաև ամուր հավատք, հայրենասիրություն և անվերապահ վստահություն առ Աստված։
Արարողության ավարտին նոր օրհնված մատուռում բոլորը միասնաբար մասնակցեցին մոմավառությանը և աղոթք հնչեցրեցին հանուն խաղաղության ու հայրենի եզերքի բարօրության։

ՀՀ ՊՆ N զորամասի գնդերեց՝
Մարտուն սարկավագ Շահվերդյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest