Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին

Հուլիսի 26-ին-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայրենյաց պաշտպանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ առաջիկայում անհրաժեշտ բուժումը կստանա Հնդկաստանում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քաջարի հայորդուն` ընդգծելով, որ մեր ժողովրդի, պետության և Սուրբ Եկեղեցու նվիրական պարտքն է հոգալ և հնարավորինս օժանդակել Հայրենիքի պաշտպանության ծառայության ընթացքում վիրավորում ստացած իր զավակներին, որպեսզի կարողանան շարունակել ապրել իրենց լիարժեք կյանքով: 

Հայրապետական իր օրհնության և բարեհաջող ապաքինման մաղթանքով Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ հակառակ բոլոր տեսակի կորուստների հայոց արիասիրտ զինվորները ամուր են հոգով և շարունակում են պահպանել լավատեսությունը` իրենց բարձր ոգով նաև խանդավառելով իրենց զինակից եղբայրներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս առիթով իր գնահատանքը փոխանցեց Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը, ինչպես նաև դեսպան Արմեն Մարտիրոսյանին հայորդու բուժման նպատակով ձեռնարկված քայլերի համար:

Իր հերթին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հայոց բանակին ցուցաբերվող մշատական զորակցության համար:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճեն` (374 10) 517 301
Էլ-փոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.օrg
Հուլիսի  26, 2017 թ.

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest