ԶՈՐԱՄԱՍԻ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻՆ

Որ զճառագայթ փառաց քոց ցուցեր
արեգակնակերպ փայլմամբ
զարարածս լուսաւորեցեր.
զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:

 

Սույն թվականի հուլիսի 23-ին՝ Վարդավառի տոնին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ավագ գնդերեցներ և գնդերեցներ ուխտաբար եկել էին ՀՀ ՊՆ Ն զորամասի Սուրբ Վարդան Մամիկոնյանի անվամբ Եկեղեցի զինծառայողների հետ միասնաբար տոնակատարելու և Սուրբ Պատարագ մատուցելու: Եկեղեցու բակում զինվորների կողմից կառուցված բացօթյա խորանի վրա Սուրբ Պատարագ մատուցվեց՝ ձեռամբ արժանապատիվ Տ. Զաքարիա քհն. Անանյանի, որի ընթացքին բազում զինծառայողներ հաղորդվեցին Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմնին ու արյանը՝ հաղորդակից դառնալով պայծառացած Քրիստոսի Աստվածային շնորհներին:

Պատարագիչ քահանան իր խոսքում շեշտեց. «Քրիստոսով պայծառացող անձի մեջ մեռնում է ինքնակենտրոն հին մարդը և վերածնվում է նոր մարդը, ով կարող է հարկ եղած դեպքում, հանուն իր մերձավորների և ազգի մոռանալ իր անձնականը և մեռնել ընկերոջ համար, ինչպես Ավետարանում է ասվում. «Ով կամենում է Ինձ հետևել, թող ուրանա իր անձը»: Սակայն մեր սիրտը շարունակում է մնալ ցանկասեր, իսկ կամքը` համառ ու կամակոր: Շատերի համար դժվար ու անհնարին է թվում անձն ուրանալը, քանի որ ամեն պահ հնչում է աշխարհի կեղծ իմաստությունը. վայելիր այս պահը, ամեն գնով վայելիր: Ամեն ինչ գնում է դեպիհեշտասիրություն ու վայելք, մարդիկ արդեն չեն ուզում իրենց

 նեղություն տալ, չեն ուզում իրենց փոխել և մուռճն առած ձեռքը քանդում է ամեն ինչ, միայն թե իրեն հարմար, հաճելի լինի: Սակայն դժվարություններն են, որ կոփում են մարդուն, մտածում և անձնական ու ֆիզիկական հաճույքից բարձր գիտակցության ուղղում մարդուն: Ամեն մարդ պետք է տանի իր խաչը, որի ծանրության ներքո մեզ կարող է թվալ, թե միայնակ ու անօգնական ենք, բայց նեղության բոլոր պահերին Աստված մեր օգնականն է և կառաջնորդի դեպի պայծառակերպության լեռը: Զիվնենք համբերությամբ և սիրով` սեր ընկերոջ նկատմամբ և սեր հայրենիքի նկատմամբ: Այն, ինչ չես կարող փոխել ուժով, կարող ես փոխել սիրով: 
Քանի որ այսօր մեր զինակից ընկերներից մի քանիսը պետք է զորացրվեն, ուզում եմ, որ նրանք իրենց հետ տանեն իրենց զինակիցների սերը, իրենց հրամանատարների նվիրումը, մեր աղոթքներն ու օրհնությունները»:
Զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով զորացրվող զինվորներին` հանձնեց նրանց զինգրքույկները:
Սրբազան Հայրը, շնորհավորելով զորացրվող զինծառայաողներին, մասնավորապես նկատեց. «Սովորաբար զինկոմիսարիատներում, քաղաքաքապետարաններին կից տոնական միջոցառում է կազմակերպվում զորակոչման առթիվ, սակայն առավել մեծ շուքով պետք է նշենք զորացրված և քաղաքացիական կյանք մտնող զինվորների առիթով: Այն, ինչ դուք երկու տարվա ընթացքում կատարեցիք, պարտք չէր, այլ` նվիրական առաքելություն. պահպանել այն երկիրն ու պետականությունը, որ ժառանգել ենք մեր հայրերից:
Եթե Ձեր զինակից եղբայրները ծափողջյուններով են ավետում ձեր զորացրումը, ուրեմն անթերի եք կատարել ձեր առաքելությունը և այդ վսեմ զինվորական հագուստը, որ հագել եք, նպատակային է եղել:
Սակայն երբևիցե չի դադարում ձեր առաքելությունը: Այն պահից, երբ դուք երդում եք տվել լինելու ՀՀ Զինված Ուժերի մի մասնիկը, ձեր ամբողջ կյանքի ընթացքում այդ մասնիկի տերը պետք է լինեք: Ձեր սրտի կանչով պետք է զգաք այն, երբ հայրենիքը վտանգված լինի, ձեր սրտի կանչով պետք է պահեք այն սրբութ
յունները, որ մեր նախնիները փոխանցել են ձեզ»:
Այնուհետև Սրբազան Հայրը վարդաջրով ցողեց զինվորներին, որից հետո զորացրվող զինվորներն առնելով Սրբազան Հոր օրհնությունը` անցան թափոր կազմած և ծափողջյուններով իրենց ճանապարհող զինակիցների միջով…
Աստված պահապան ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑ
ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վարդավառը կամ Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը, որը խորը արմատներ ունի, և ժողովուրդը կապում է ջրհեղեղից հետո  երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, ուր ծիածանով մարդ-Աստծված հաշտությունն է կնքվում և որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց։ Այսինքն, սթափեցման մի սովորություն է և մաքրագործվելու իմաստ ունի»։ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest