Ես եմ ճշմարիտ որթատունկը. Վերափոխման տոնը զորամասում

Օգոստոսի 13-ը հատկանշական էր ՊՆ հյուսիսարևելյան N զորամասերից մեկում: Այստեղ էին ՀՀ ՊՆ 3-րդ բ/կ գնդերեցները կորպուսի ավագ գնդերեց արժանապատիվ տեր Վանանդ քահանա Անդրեասյանի գլխավորությամբ: Տեր Վանանդի կողմից զորամասում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ս. Հաղորդություն ստանալուց հետո զինվորները լսեցին քահանա հոր քարոզը տոնի կապակցությամբ և հորդորները կապված զինվորների ծառայությանը: Հավարտ պատարագի կատարվեց նաև խաղողօրհնեքի կարգ: Օրհնված ողկույզները վերջում բաժանվեցին ամբողջ անձնակազմին: Ինչու՞ ենք օրհնում խաղողի ողկույզները, որովհետև Քրիստոս ինքը բարձրացրեց խաղողը բոլոր տնկիներից ասելով. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի մեծ շուքով է տոնում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Տիրամորը նվիրված տոներից Վերափոխման տոնն ամենահինն է և մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Ավանդության համաձայն մեր Տիրոջ համբարձումից հետո շուրջ տասներկու տարի Աստվածամայրն ապրում է Ս. Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո՝ Երուսաղեմում: Մի օր Գաբրիել հրեշտակապետը ներկայանում է Աստվածամորը և հայտնում է բարի լուրը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Բարի լուրն իմանալուց հետո Աստվածամայրը հայտնում է այն իր բոլոր հարազատներին և խնդրում է Հովհաննեսին պատարագ մատուցել, որպեսզի կարողանա հաղորդվել Տիրոջ արյանն ու մարմնին: Պատարագը կատարվում է վերնատանը Աստվածածնի և իր ուղեկիցների ներկայությամբ: Պատարագի ընթացքում որոտի ձայն է լսվում և Հովհաննեսին սկսում են ձայանկցել մնացյալ առաքյալները, ում այդտեղ էր բերել Սուրբ Հոգին: Ս. Հովհաննես Ավետարանիչը կիպարիսի փայտի վրա պատկերում է Աստվածածնին, որպեսզի վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց հետ: Աստվածամայրը վերցնում է այդ տախտակը և մոտեցնելով իր դեմքին՝ օրհնում այն: Երբ Տիրամայրը ննջում է նրա հոգին միանում է երկնային զորքերին, իսկ նրա մարմինը առաքյալների կողմից դրվում է Գեթսեմանիի գերեզմանում: Երեք օր անց գերեզմանի կնիքը չխախտելով Որդին` վերցնում է Աստվածամոր մարմինը և վերանում երկինք: Առաքյալներից Բարդուղիմեոսը Տիրամոր ննջման և թաղման օրերին բացակայում էր Երուսաղեմից: Վերադառնալով` նա շատ է վշտանում, որ չի արժանացել Աստվածամոր օրհնությանը: Առաքյալները Բարդուղիմեոսին սփոփելու համար որոշում են ցույց տալ նրան Տիրամոր գերեզմանը, սակայն բացելով այն՝ տեսնում են միայն նրա պատանքները: Իրենց եղբոր ցավը սփոփելու համար որոշում են նրան նվիրել Աստվածամոր պատկերը կիպարիսի վրա: Գերեզմանի բացելուց հետո Թովմաս առաքյալը մի երգ է հորինում Տիրամոր մասին. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»:

 

N զորամասի գնդերեց

Արա սարկավագ Թամազյան

 

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest