ՆՎԻՐՄԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՆՎԻՐՈՒՄԻ ՔԱՌՈՐԴ ԴԱՐ

Զորամասի օրը, տարբեր ու հանդիսավոր լինելուց զատ, առիթ է անդրադառնալու միասնաբար արձանագրած հաջողություններին և ունեցած բացթողումներին, քննելու զորամասի՝ իբրև ընդհանրության, ինչպես նաև նրա մաս կազմող անհատ զինվորականների անցած ճանապարհը: Այդպիսի օրերին ասելիք շատ է լինում, և ասելիքն էլ բազմապատկվում է, եթե օրը հոբելյանական է:

2017թ. օգոստոսի 7-ին 5-րդ բանակային կորպուսի և Շիրակի կայազորի մաս կազմող 7-րդ ամրացված շրջանը տոնում էր կազմավորման 25 ամյակը: Քառորդ դար Հայաստանի անկախ հանրապետության կազմում, բայց ոչ առհասարակ գոյության, քանի որ ամրացված շրջանի կազմավորումը թվագրվում է 1940-ի հունիսով, երբ ակնհայտ էին դարձել Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հնարավոր ոտնձգությունները Էրզրում-Կարս-Լենինական ուղղությամբ: Թե՛ Մեծ Հայրենականի, թե՛ հետագա տարիների ընթացքում զորամասի խնդիրն է եղել ներկայիս Շիրակի մարզի՝ Թուրքիայի հետ ունեցած ԽՍՀՄ սահմանի պահպանությունը և Գյումրիի մատույցների պաշտպանությունը:

1992թ. օգոստոսի 7-ին Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանով ամրացված շրջանը հանվել է ՌԴ Զինված ուժերի կազմից, հանձնվել ՀՀ նորակազմ Զինված ուժերին և ստացել N համարը: Թեև զորամասը շարունակել է կատարել Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանի պաշտպանության խնդիրը, այն անմասն չի մնացել նաև մեր երկրի արևելյան սահմանների պաշտպանության գործից. շուրջ 200 զինծառայողներից բաղկացած զորամասի համահավաք գումարտակը բարձր է պահել հայոց հաղթական բանակի պատիվը՝ ցավոք, ունենալով անդառնալի կորուստներ. ենթասպա Աշոտ Ղազարյանն ու շարքային Աշոտ Շիրինյանն իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին:

Հրադադարի հաստատումից հետո զորամասը լծվել է բանիմաց ու պահանջված մասնագետների պատրաստման գործին, որոնք որտեղ էլ ծառայությունը շարունակած լինեն, միայն գովեստի ու քաջալերանքի են արժանացել՝ խրախուսվելով պարվոգրերով և պետական ու գերատեսչական տարբեր մեդալներով: Իբրև արգասիք իր մարտական մեծ պոտենցիալի, լավագույն որակների դրսևորման և հայրենիքի հանդեպ զինծառայողների անձնական նվիրվածության՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2001թ. փետրվարի 12-ի հրամանագրով զորամասին հանձնվել է մարտական դրոշ:

25 տարիների հեռվից այսօր հնարավորություն էր ընձեռվում գնահատելու անցյալը և նախանշելու ապագա անելիքները, որ շատ են ու բազմաբնույթ:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին արդեն վաստակած հանգստի կոչված մեծաթիվ սպաներ, զորամասի նախկին հրամանատարներից մի քանիսը, սպասված հյուրեր: Անձնակազմին շնորհավորելու և

պարգևատրելու համար զորամասում էին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ մայոր Կարեն Աբրահամյանը, Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբի շտաբի պետ գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Ելույթ ունեցավ ու ներկաներին շնորհավորական խոսքով դիմեց կայազորի հոգևոր սպասավոր, զորամասի համերաշխ ընտանիքի ավելի քան 10-ամյա անդամ Տ. Հակոբ քհն Գրիգորյանը: Ծառայակից ընկերներին շնորհավորեցին նաև մայոր Տիգրան Խանոյանը, կապիտան Կարեն Սարիբեկյանը, կրտսեր սերժանտ Ռուզաննա Խանոյանը և զորամասի հրամանատար գնդապետ Երվանդ Գալստյանը:

Գնահատանքի խոսքեր հնչեցնելով անցած ճանապարհը կերտողների հասցեին՝ այսօրվա անձնակազմը ևս պատրաստ է լավագույնս կատարելու իրենից ակնկալվածը և նոր էջեր ավելացնելու զորամասի փառքի պատմության մատյանում:

 

Շիրակի կայազորի ավագ գնդերեց

Հակոբ քհն Գրիգորյան

gnderec

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Pin It on Pinterest